կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 16:30
Իրավական

Փաստաբան Սեդա Սաֆարյանին սպառնալու վերաբերյալ հաղորդման հետ կապված` ՓՊ-ն դիմել է ոստիկանություն

Փաստաբան Սեդա Սաֆարյանին սպառնալու վերաբերյալ հաղորդման հետ կապված` ՓՊ-ն դիմել է ոստիկանություն

Ինչպես արդեն զանգվածային լրատվամիջոցներից հայտնի է դարձել, 2015թ. ապրիլի 2-ին հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի բջջային հեռախոսին, և ոմն տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու իր ընտանիքի հասցեին՝ վերջինիս ծավալած փաստաբանական գործունեության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

 

«Ըստ ներկայացված տեղեկության զանգահարող տղամարդը շուրջ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործով տուժողի հայրն է։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը անհանգստացած լինելով քաղաքացու՝ փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված նման վարքագծից, գրավոր դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը խնդրելով փաստաբան Սեդա Սաֆարյանի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկել։

 

Հ.Գ. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ' օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով»,- ասվում է ՓՊ տարածած հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից yerkir.am-ին հայտնել էին, որ ուսումնասիրվում է այս հաղորդումը: