կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 13:05
Քաղաքական

Վլադիմիր Գասպարյանը հաճախ է աղոթում

Վլադիմիր Գասպարյանը հաճախ է աղոթում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, երբ իմացել է, որ Գասպարյանը Ծիծեռնակաբերդում աղոթել է, չի զարմացել, ըստ նրա` դա սովորական բան էր:

 

Այսօր ԱԺ-ում Գեւորգյանը հայտնեց, որ ոստիկանապետը հաճախ է աղոթում: Դիտարկմանը, թե տարօրինակ չէ՞, որ ոստիկանապետն աղոթում է, այն էլ` ընդդիմության առաջնորդի հետ, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Տարօրինակ է, երբ մարդը չի աղոթում»:

 

«Ես շատ կցանկանայի, որ ամեն հայ քաղաքացի աղոթեր, բոլորս աստվածավախ լինեինք»,- նշեց Գեւորգյանը:

 

Անդրադառնալով ոստիկանության երեկվա գործողություններին` նա վստահեցրեց, որ ոստիկանները երեկ բռնություն չեն կիրառել, կատարել են օրենքով սահմանված իրենց պարտքը: «Ոստիկանի գլուխը չի կարելի ջարդել, ոստիկանի վրա, առհասարակ, ձեռք բարձրացնելը հանցագործություն է: Եթե քո պայքարն, իրոք, միտված է բարուն, չի կարելի ոստիկանի վրա ձեռք բարձրացնել, որովհետեւ ոստիկանը կատարում է իր ծառայությունը: Եթե երթն արտոնված չէ, ապա ոստիկանների ո՞ր գործողություններն են անօրինական: Ոստիկանը պահում է կարգը»,- ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին` Գեւորգյանը նշեց, որ ոստիկանները կատարում էին իրենց աշխատանքը: «Եթե ուզում էին ոստիկանների վրայով անցնել, դա հնարավոր չէ»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ուժային մարմիններից ոչ մեկը, ըստ էության, չկարողացավ իրավիճակին տիրապետել, Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոքի այդպես չէր լսում, ինչպես «զորավարին», Գեւորգյանը կեսկատակ-կեսլուրջ հակադարձեց. «Իսկ գուցե դա էլ է Աստծով»: