կարևոր
2212 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 10:59
Քաղաքական

Արցախի ինքնորոշման «սակարկությունը». «Փաստ»

Արցախի ինքնորոշման «սակարկությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից սկսած շարունակվում է Արցախի շրջափակումը։ Բերձորի միջանցքի բացման համար Ադրբեջանը մի շարք պահանջներ է դրել, որոնք անընդունելի են Արցախի համար, քանի որ դրանով հիմք կարող է նախապատրաստվել Արցախի հայկական պետականության ոչնչացման համար։ Այս պայմաններում Հայաստանն էլ իր հերթին ընդհանրապես մի կողմ է քաշվել՝ պնդելով, թե Ադրբեջանի ու Արցախի միջև ուղիղ երկխոսություն պետք է տեղի ունենա։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ համաձայն են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ այդպիսով նաև Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Ու Հայաստանի իշխանականներն իրենց գործելակերպը հիմնավորում են նրանով, որ Արցախը տալով՝ Հայաստանն են փրկում։ Անհեթեթ պատճառաբանություն է, բայց դա է: Ընդ որում, տևական ժամանակ Ադրբեջանն էր հրաժարվում Արցախի հետ երկխոսությունից՝ պահանջելով, որ, մասնավորաբար, Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից։

Եվ Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելուց հետո ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը սկսեց մեկնաբանել, թե երկխոսություն է սկսել «իրեն պատկանող» Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ ադրբեջանական մամուլում փորձեցին մեկնաբանել, թե իբր Ղարաբաղի հայերի ինտեգրացման գործընթացը սկսված է։ Բայց Արցախի նախագահի խոսնակը շտապեց առերևույթ կառուցողական գնահատել հանդիպումը և հավաստիացրեց, թե քննարկվել են միայն հումանիտար ու ենթակառուցվածքային նշանակություն ունեցող հարցեր։ Այնուամենայնիվ, օրեր անց պարզվեց, որ քաղաքական հարցեր ևս շոշափվել են։

Մասնավորաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անվտանգության խորհրդի նիստում մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից, թե Ադրբեջանի բանագնացը փորձել է խոսել ինտեգրումից, սակայն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կանխել է այդ քննարկումը՝ հայտարարելով, որ ինքը լիազորված չէ քաղաքական հարցեր քննարկելու։ Ընդ որում, նիստի ժամանակ նախագահ Հարությունյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե Արցախի ինքնորոշումն իրենց համար ընդհանրապես սակարկության առարկա չէ։ Բայց մյուս կողմից էլ տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանության դիրքորոշումն ուղղակի առերևույթ է այդպես։ Այլապես Արցախի նախագահը չէր նշի, որ «եթե Արցախում կան մարդիկ, կան տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Ինչո՞ւ է նման հայտարարություն անում Արցախի նախագահը, եթե հանդես է գալիս ինքնորոշման իրավունքի անխոնջ պաշտպանության դիրքերից։ Մի՞թե պարզ չէ, որ Արցախի ինտեգրումն Ադրբեջանին նշանակում է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Արտաքուստ Արցախի գործող իշխանության՝ անկախության, ինքնորոշման ջատագովության հաստատմանն ուղղված այս տեքստի իմաստը բացարձակ անհասկանալի է: Ճիշտ է՝ բոլոր հասարակություններում էլ կարող են լինել կաշառվածներ կամ պարտվողականության կողմնակիցներ, բայց տվյալ պարագայում նրանք կդիտարկվեին որպես դավաճաններ ու հայրենիքի առաջ իրենց պարտքը չիրականացնելու դեպքում պատասխանատվության կենթարկվեին։

Իսկ Արայիկ Հարությունյանը փաստացի ասում է, որ Արցախում կարող են լինել նման տրամադրություններ, ավելին՝ իր հայտարարությամբ խրախուսում է բարձրաձայնել այդ մասին, ավելին՝ փորձել գալ իշխանության։ Սա այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, քան Ադրբեջանի քարոզչական ջրաղացին ջուր լցնել։ Ի վերջո, ո՞ւմ նկատի ունի Արայիկ Հարությունյանը, ովքե՞ր են Արցախում կրում նման տրամադրություններ: Ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում: Եվ, ի վերջո, տվյալ դեպքում ո՞րն է Արցախի նախագահի մոտիվացիան։ Իսկ գուցե նա Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճով այդպիսով փորձում է աստիճանաբար հող նախապատրաստել ինտեգրացիայի օրակարգը զարգացնելու համա՞ր: Դա արդեն ժամանակը ցույց կտա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում