Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քանի որ այս օրերին ՀՀԿ` առավել փորձառու և կյանքում ամեն ինչ տեսած վերնախավը սաստիկ զբաղված է Բաղրամյան 26-Ազատության հրապարակ բանակցային գործընթացներով, այդ կուսակցության մանկապատանեկան թևն ու երիտասարդությունը լրիվ անտերության են մատնվել: Մի քիչ էլ այսպես շարունակվի, կսկսեն փողոցներում (ֆեյսբուքներում) կռիվներ սարքել, ապակի կոտրել և մանր խուլիգանություններ անել: Կարող է տարօրինակ հնչել, բայց ինքը՝ Կարեն Ավագյանն էլ, նման բաների սիրահար է, ինչն, անշուշտ, վայել չէ թևի առաջնորդին:
Այսօր Կարեն Ավագյանը փորձել է իր ֆեյսբուքյան պատին որոշ բաներ գրոտել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կարգախոսների մասին: Նա կասկած է հայտնել, որ այս երկու կուսակցությունների կարգախոսները կա'մ գրվել են մեկ կենտրոնում, կա'մ արտագրված են մեկը մյուսից: Ինչպես տեսնում ենք, Կարեն Ավագյանն իր գրառումն սկսել է մանր խուլիգանությունից: Ավելի ներքևում, սակայն, նա ի ցույց է դրել իր անտեղյակությունն ու հայերենին չտիրապետելու փաստը:
Սկսենք այն բանից, որ ԲՀԿ-ն ունի ոչ թե մեկ, այլ երկու կարգախոս՝ «Փոխենք Երևանը» և «Սկսենք Երևանից»: Իսկ հիմա, սիրելի' ընթերցող, եթե դու հայ ես, փորձիր ԲՀԿ-ի այս երկու կարգախոսներից բխեցնել ՀՅԴ-ի կարգախոսը՝ «Երևան, փոխիր Հայաստանը», կամ հակառակը՝ ՀՅԴ-ի կարգախոսից բխեցնել ԲՀԿ-ի կարգախոսներից մեկնումեկը: Կարեն Ավագյանը չի հասկացել, թե ԲՀԿ-ականներն այդ ինչ են սկսելու Երևանից: Մենք այս հարցին չենք անդրադառնա, քանզի ԲՀԿ-ի կարգախոսի մեկնաբանությունը, մեր կարծիքով, ԲՀԿ-ի իրավասության շրջանակներում է: Հետևաբար` մեզ հատկապես մտահոգում է այն, որ Կարեն Ավագյանը չի հասկանում ՀՅԴ-ի կարգախոսը՝ «Երևան, փոխիր Հայաստանը»: Նա գրում է. «Անհասկանալի է, թե ինչն են փոխելու»:
Հարգելի' Կարեն, Հայաստանն են փոխելու, Հայաստանը: Տես՝ որքան պարզ է գրված՝ Երևան, փոխիր Հայաստանը: Տեղ չհասա՞վ: Զարմանալի է: Իսկ ինչպե՞ս է Կարեն Ավագյանը հասկացել «Հավատանք, որ փոխենք»-ը: Ինչի՞ն հավատանք, որ ի՞նչը փոխենք, հը՞: Հավանաբար` Կարեն Ավագյանի հիշողությունն ու վերլուծական միտքը փուչիկների դմբդմբոցից սոսկալի վնասներ են կրել: Ափսոս, չէ՞ որ այդ օրերին նա բոլորի նման հավատում էր, որ փոխեր:
«Սկսող ու փոխող էիք, նախագահի ընտրություններին մասնակցեիք ու ինչ-որ բան սկսելու ու փոխելու փորձ անեիք։ Մեծ նավարկություններից խուսափողները փոքր ճանապարհները գողեգող են անցնում»,- իր շեդևրի վերջում ավելացրել է Ավագյանը: Դարձյալ մանր խուլիգանության դասական դրսևորում: Կարելի է մտածել, թե ինքը բոլոր ժամանակների մեծ նավարկությունների մասնակիցն է և մի քանի ծովային ճակատամարտերում էլ ղեկավարել է ՀՀԿ-ի նավը: Եթե նման բան երբևէ եղել է, մենք ներողություն ենք խնդրում, բայց, որքան մեզ հայտնի է, Կարենն այդ նավի վրա ընդամենը «յունգայի» կարգավիճակ ունի: Եվ հիմա նաև հասկանալի դարձավ, որ այդ նավի մեծերից դեռ ոչ ոք ժամանակ չի ունեցել նրան ասելու՝ տղա' ջան, ՀՀԿ-ի՝ ցերեկով թիավարած տեղերը ՀՅԴ-ն գիշերով է թիավարել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ