|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առիթով համերգով հանդես կգա իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը նշեց, որ համերգի ընթացքում կհնչի նաեւ հայկական երաժշտություն` իր մշակմամբ: Համերգին Մոնդելչին հանդես է գալու որպես սաքսոֆոնահար եւ դիրիժոր:
«Ուրախ եմ կրկին լինել Հայաստանում եւ համերգ տալ հայ հանդիսատեսի համար: Ես դասական երաժշտության հետեւորդ եմ, բայց բաց եմ ջազի եւ տանգոյի համար»,- ասաց սաքսոֆոնահարը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ Մոնդելչին համաձայնել է Հայաստանում համերգ տալ, քանի որ մի քանի համերգներից հետո արդեն հասցրել է սիրել հայ ժողովրդին ու հայկական երաժշտությունը. «Կուզեմ միայն հավելել, որ համերգի ընթացքում մի շարք անակնկալներ են սպասվում»:
Համերգային ծրագրում ընդգրկված են` Աստոր Պիացոլայի «Հրաժեշտի տանգո» եւ «Մոռացում», Ալեքսանդր Գլազունովի «Կոնցերտ` սաքսոֆոնի եւ լարայինների համար», Անտոնին Դվորժակի «Երկու սլավոնական պար` լարայինների համար», Ջորջ Գերշվինի «I got rhythm», Էնիո Մորիկոնեի «Պրոմենադ Մորիկոնեի հետ», Նիկոլա Պիովանիի «Կյանքը հիասքանչ է» ստեղծագործությունները: