կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 13:22
Քաղաքական

Հովհաննիսյանը իշխանությունների համար անհասկանալի՞ է

Հովհաննիսյանը իշխանությունների համար անհասկանալի՞ է

Այս նախագահական ընտրությունները մյուսներից տարբերվում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն ընդգծված քաղաքական լիդեր չէր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 

Նախագահական ընտրությունների երկրորդ կարեւորագույն հանգամանքը, ըստ նրա, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ բավականին բարձր վստահության քվե, ինչը շատ բաներով կախված էր տվյալ գործչի ընկալումներից, ինչպես նաեւ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններից հետո ընդգծեց, որ բոլոր զարգացումները պետք է ընթանան օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:

 

Գագիկ Մինասյանի համար մյուս կարեւոր զարգացումն էլ այն է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա՞ իրացնել ստացած քվեները եւ դառնալ ընդդիմության դաշտում թիվ մեկ քաղաքական ուժը:

 

«Շատ հաճախ այդ քաղաքական ուժի քայլերը եւ նրա քայլերը ոչ միայն դժվար ընկալելի են քաղաքական գործիչների լայն շրջանակի համար, այլեւ հենց իր քաղաքական թիմի ներկայացուցիչների համար: Սա դժվարություններ կառաջացնի, որ գործիչը իրացնի իր ստացած ձայները եւ դառնա հիմնական եւ գլխավոր լիդեր ընդդիմադիր քաղաքական դաշտում»,- ասաց բանախոսը:

 

Հարցին, թե` Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները` թեկուզ պաշտոնական թվերով` 500 հազարից ավելի, ցույց են տալիս որ այդքան մարդ դժգոհ է ստեղծված իրավիճակից, իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ վիճակից դուրս գալու համար, Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ հարցի շատ ուղղակի պատասխանը գտնվում է այն ուղերձներում, որ հղեց Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ:

 

Դիտարկմանը, թե նախկինում էլ են եղել այդպիսի շեշտադրումներ, բայց, օրինակ, աղքատության մակարդակը չի փոխվել, Գագիկ Միասյանը արձագանքեց, ոև փոխվել է, ցավոք` բացասական ուղղությամբ: Հարցի կապակցությամբ նա նշեց բազմիցս հնչեցված արդարացումը, թե այս ընթացքում եղել են զարգացումներ, որոնք օբյեկտիվորեն Հայաստանում սկիզբ չեն առել, բայց չէին կարող չանդրադառնալ մեր երկրի վրա:

 

Անդրադառնալով խնդրին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի՞ իրացնել այն տոկոսները, որ նա ձեռք է բերել ընտրությունների ժամանակ, Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ նպատակով պետք է իրականացնել հեռատեսական ծրագրեր: Նա կարծիք հայտնեց, որ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով հավանկնում է դառնալ ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը, պետք է ավելի իրատեսական եւ հասկանալի ծրագրեր ներկայացնի:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելու կապակցությամբ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ քաղաքական գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը եւ գործիքակազմը, որի միջոցով ուժերն ու գործիչները փորձում են հասնել այս կամ այն խնդրի լուծմանը: Իսկ հացադուլ հայտարարելը ամենածայրահեղ քայլերից է:

 

Ամփոփելով ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը` Գագիկ ՄԻնասյանը շեշտեց, որ քաղաքական զարգացումները երեւույթ են, որոնք երբեք չեն սկսվում եւ չեն ավարտվում, այլ միշտ շարունակվում են: Իսկ վերջին ընտրությունների պարագայում, շարունակեց բանախոսը, մենք ականատես եղանք մի ֆենոմենի, երբ այն քաղաքական ուժը, որը չուներ ընդգծված առավելություններ ընդդիմադիր քաղաքական դաշտում, ստացավ մեծ կապիտալ, եւ այժմ հարց է, թե ինչպես կօգտագործի այդ կապիտալը: