կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-09 23:38
Մշակույթ

Նոր ֆիլմ` ''Մոխրաման''-ի ռեժիսորից

Նոր ֆիլմ` ''Մոխրաման''-ի ռեժիսորից

Մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը:

 

Այս ֆիլմը նյույորքյան  «Սիրակուզի» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի` «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ «Լավագույն հնչյունաշար» եւ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում հատուկ հիշատակվել է ժյուրիի կողմից:

 

Ֆիլմը նկարահանվել է 2012-ին`  TAO  production-ի համագործակցությամբ: Գործողությունները զարգանում են հոգեբուժարանում, գլխավոր դերերում Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը եւ Նազենի Հովհաննիսյանն են: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, պրոդյուսերը` Տաթևիկ Մանուկյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Լիլիթ Մովսիսյանը հայտնեց, որ փառատոնը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 11-14-ը, սակայն ինքը չի կարողացել ներկա գտնվել. «Աշխատում էի իմ նոր գեղարվեստական ֆիլմի վրա, այդ շրջանում շատ զբաղված էի և չկարողացա գնալ»,- ասաց Լ. Մովսիսյանը, նշեց նաև, որ «Կաուչուկ» անունով ֆիլմը, որի պատճառով Նյու Յորք չի գնացել, արդեն մոնտաժման փուլում է, նկարահանումներն ավարտված են:

 

Իսկ թե արդյո՞ք հաղթանակ է նրա համար միջազգային այդ փառատոնում երևալը, Լիլիթը պատասխանեց. «Ինձ համար հաղթանակը ֆիլմ նկարահանելն է, իսկ փառատոներին մասնակցելը` միջոց գնահատվելու և տարբեր երկրներում ֆիլմը ներկայացնելու»:

 

Լիլիթ Մովսիսյանը, որպես ռեժիսոր, հայտնի դարձավ  իր «Մոխրաման» ֆիլմով:

 

Ա. Կ.