Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի հեղինակած` Հոլիվուդյան կինոփառատոնի մրցանակակիր «Խաչատրյան» (2003 թ.) վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում Դորա Սերվիարյան-Կյունը նշեց, որ ֆիլմը կյանքի է կոչվել ամուսնու աջակցությամբ, իսկ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմ նկարահանելու ցանկություն է ունեցել դեռ վաղուց, երբ նոր-նոր էր սկսել նվագել Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»: Ի դեպ, նա միջազգային հանրությանը հայտնի է որպես Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի լավագույն մեկնաբաններից մեկը:
«Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Հոլիվուդում` հենց 2003-ին, երբ ավարտեցինք նկարահանման աշխատանքները: Պրեմիերայի օրը դահլիճում մեծ մասամբ երիտասարդներ էին, նրանք չէին ճանաչում Արամ Խաչատրյանին, բայց ֆիլմը դիտելիս հուզվում էին: Գիտե՞ք` Խաչատրյանին շատերը միայն «Սուսերով պարը» ստեղծագործությունով գիտեն, իսկ ես ուզում էի ցույց տալ, որ նա ավելի լավ ստեղծագործություններ էլ ունի»,- ասաց Սերվիարյան-Կյունը` հավելելով, որ ցանկություն ունի անդրադառնալու նաև Սերգեյ Փարաջանովի կյանքին:
Ի դեպ, երեկոյի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից Դորա Սերվիարյան-Կյունը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույնս կատարման և քարոզչության մեջ ունեցած մեծ ավանդի համար: