կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 16:55
Իրավական

Ընտրահանցանքների վերաբերյալ օմբուդսմենի անդրադարձը

Ընտրահանցանքների վերաբերյալ օմբուդսմենի անդրադարձը

Երեկ ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է օմբուդսմենի կողմից ներկայացված ընտրախախտումների ու ընտրահանցանքների մասին հաղորդմանը և հայտնել, որ պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռևս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով: 

 

Այդ առնչությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

Ամենևին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում և ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարևոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ և համոզիչ փաստարկներ:

 

Մասնավորապես, Սիսիան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից և ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, և եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ: Եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական և քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում և այլն):

 

Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը: Հուսով ենք՝ ընտրահանցանքների մասին այս և բոլոր մյուս հաղորդումների պարագայում Ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի և կիրագործի մեր հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլև ընտրությունների ողջ պատկերը:

 

Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. «Մեր հասարակությունը հաճախ առավել կարևորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները և անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենևին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետևաբար ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել նաև առանձին ընտրախախտումների և ընտրահանցանքների վրա: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետևաբար չի կարելի անտեսել և ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզ և թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»։