Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին: Ինչպես նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, պաշտպանի գնահատմամբ` դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր և որդու միջև դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու` օրենքի պահանջը: Բացի այդ` անտեսել է բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ օրենքով հստակ սահմանված պահանջը, որով կոպտորեն խախտել է քաղաքացու իրավունքը:
Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը:
Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ և կոպիտ խախտում է: Ավելին` դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի այդ` դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել և, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը՝ հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության: