կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-30 13:22
Հասարակություն

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ. հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ  թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ: 

 

Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:

 

Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

 

Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և  պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն: