կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 16:45
Իրավական

Օմբուդսմենի բացահայտած խախտման վերաբերյալ նոր փաստեր՝ հատուկ առողջապահության նախարարի համար

Օմբուդսմենի բացահայտած խախտման վերաբերյալ նոր փաստեր՝ հատուկ առողջապահության նախարարի համար

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Օմբուդսմենը փաստեր է ներկայացնում` հատուկ նախարար Արմեն Մուրադյանի համար:

 

«Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված և կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը: Մեզ պատասխանելիս Առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր Նախարարի կարճատև՝ 2 ամիս պաշտոնավարմամբ:

 

Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ և ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատև ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետևողական ու իրական աշխատանքով:

 

Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ Առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների և թերությունների առկայությունը, և հուսով է, որ Նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն»,- ասվում է  ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: