կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 23:29
Քաղաքական

Սերժ Սարգսյանը սրբագրեց իր ասածները

Սերժ Սարգսյանը սրբագրեց իր ասածները

Դեռ երեկ Երեւանի Էրեբունի վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ակնհայտ էր, որ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն աշխատատեղերի մասին իր խոսքում զուսպ է եւ զգույշ: Եթե Չարենցավանում Սերժ Սարգրսյանը հայտարարում էր, որ Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, ապա արդեն Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահն ընդգծել էր, որ Հայաստանում ոչ թե աշխատատեղի, այլ բարձր վարձատրվող աշխատատեղի խնդիր կա:

 

«Մենք պետք է կարողանանք Հայաստանում ստեղծել բարձր աշխատավարձ ապահովող աշխատատեղեր: Եթե զուտ աշխատատեղերի մասին է խոսքը, ապա ես կարծում եմ, որ այլեւս դա Հայաստանում հարց չէ, որովհետեւ ցանկացած հեռուստաալիք, երբ միացնում ես, տեսնում ես, որ աշխատողներ են փնտրում, բայց, ցավոք սրտի, այդ աշխատանքը քիչ վճարվող աշխատավարձով աշխատանք է, եւ մարդիկ այլեւս չեն ուզում 150 հազար դրամ աշխատավարձով աշխատել, ես դա հասկանում եմ…»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը եւ վկա, բերել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով էլ վստահեցրել էր նախագահին եւ ներկաներին, որ միայն քաղաքապետարանում 150 վարորդի եւ կոմունալ ծառայությունում` 200 աշխատողի կարիք ունեն:

 

Արդեն երեկ Սերժ Սարգսյանը նշել էր, որ աշխատատեղեր բոլորի համար պետք է ստեղծել եւ հայտարարել. «Ասածս հիմա ժողովրդահաճո կարող է չթվալ, բայց ոմանք նախընտրում են 30-40 հազար դրամ նպաստ ստանալ, քան, 70-80 հազար դրամ աշխատավարձ ստանալով, աշխատել»:

 

Այսօր Աջափնյակ վարչական համյանքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, երբ կրկին շոշափվեց աշխատատեղերի թեման, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս մասով «ուզում է ուղղում անել կամ ավելի ճիշտ պարզաբանում տալ»:

 

«Հատկապես նախընտրական փուլում բոլորը խոշորացույցով են նայում մեր ցանկացած արտասանած բառին եւ նախադասությանը: Չնայած խոշորացույցով են նայում, բայց մեկ-մեկ էլ ծուռ հայելու մեջ են նայում եւ փորձում ինչ-որ բաներ գտնել, փորձում են ինձ վերագրել, թե իբր ես Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ 150 հազար դրամ վճարվող աշխատանք կա, բայց մարդիկ չեն ուզում անել: Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ, որ հիմա մարդիկ չեն ուզում 150 հազար դրամով ֆիզիկական ծանր աշխատանք կատարել: Այո, այսօր կա այդպիսի ոլորտ, կան տեղեր, որտեղ 150-170 հազար դրամ պատրաստ են վճարել, բայց մարդը չի ցանկանում աշխատել, դա ուրիշ բան է: Այսինքն` ես այս երկրից այնքան անտեղյա՞կ եմ, որ չգիտեմ, որ 150 հազար դրամանոց աշխատատեղերը թափած չեն այս երկրում, ես չե՞մ հասկանում, որ եթե այդպես լինի, շատ լավ կլինի: Բայց, այդուհանդերձ, նման խոսակցություններն էլ են օգուտ տալիս, նախ` մեզ է ստիպում մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական խոսքերի նկատմամբ, մյուս կողմից էլ` խրախուսվում է, որ այնպես անենք, որ գոնե 1-2 տարի հետո 150 հազար դրամով ոչ մեկ չցանկանա աշխատել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` սրբագրելով նախկինում արված հայտարարությունները: