կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 18:37
Հասարակություն

Հաստատվել են Երևանի պարգևներն ու պատվավոր կոչումները

Հաստատվել են Երևանի պարգևներն ու պատվավոր կոչումները

Երևանի հանրության առջև ունեցած առանձնահատուկ ծառայությունների, Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարօրությանն ուղղված նշանակալի ներդրումների, գիտության, առողջապահության, կրթության, արվեստի, գրականության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների, ինչպես նաև հասարակական, քաղաքական, բարեգործական արդյունավետ գործունեության համար անձանց և կազմակերպություններին բարձր գնահատականի և խրախուսանքի  արժանացնելու նպատակով Երևանի ավագանին հաստատել է «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» որոշումը. հայտնում է քաղաքապետարանը:

 

Ըստ այդմ` Երևան քաղաքի պարգևներն են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը, Երևան քաղաքի մրցանակները, Երևանի քաղաքապետի պատվոգիրը և Երևանի քաղաքապետի շնորհակալագիրը:

 

Որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ամենամյա մրցանակներ կշնորհվեն գրականության և արվեստի, առողջապահության, գիտության և կրթության, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի, լրագրության և տեղեկատվության, քաղաքաշինության բնագավառներում: Ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զատ, սահմանվել են նաև Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ, Երևան քաղաքի պատվավոր բժիշկ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ, Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող,  Երևան քաղաքի պատվավոր փրկարար և Երևան քաղաքի պատվավոր շինարար կոչումներ: