կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 12:22
Քաղաքական

Հետեւելու եմ, թե ինչպես են մարզերով վազվզելու. Վարդան Սեդրակյան

Հետեւելու եմ, թե ինչպես են մարզերով վազվզելու. Վարդան Սեդրակյան

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ  Վարդան Սեդրակյանը հանրությանը հայտնի դարձավ մամուլի ակումբներից մեկում հրավիրած ասուլիսով, որտեղ էլ հայտարարեց նախագահական ընտրություններում առաջադրվելու իր ցանկության մասին: Դրանից հետո նա շատ ասուլիսներ հրավիրեց, այսօր էլ՝ հենց մամուլի ակումբում տվեց իր պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, եթե իհարկե, դա այդպես կարելի է կոչել:

 

Նախագահի թեկնածուն հպարտությամբ հայտարարեց, որ մի քանի կայքերում անցկացված էլեկտրոնային քվեարկության արդյունքում ինքը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս քվեարկությունը, որի մասին էպոսագետ թեկնածուն մեծ գոհունակությամբ հայտարարեց, ըստ նրա, գալիս է հաստատելու, որ «պետական սերժիկամետ կամ միշիկամետ կառույցների պրոպագանդան, որի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Վարդան Սեդրակյան թեկնածու ընդհանրապես չկա, չաշխատեց»: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ չունի վարչական որեւէ ռեսուրս` էլեկտրոնային քվեարկության ելքն այդպես կազմակերպելու համար, որ «նստեն կոմպերի վրա, խակերային հարձակումներ անեն, որ քվեարկություն ապահովեն»:

 

Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ մինչեւ փետրվարի 1-ն ակտիվ քարոզչությամբ չի զբաղվելու՝ «Բագրատյան-Հովհաննիսյան-Հայրիկյան եռյակին թույլ տալով բարելավել իրենց դիրքերը»: Սեդրակյանը համոզված է, որ այդ եռյակը պայքարի մեջ մտցվել է Սերժ Սարգսյանի կողմից: Մինչեւ փետրվարի 1-ը նախագահի էպոսագետ թեկնածուն կբավարարվի` մամուլի ակումբներում ասուլիս հրավիրելով եւ հեռուստաընկերություններում ելույթներ ունենալով:

 

Ըստ էության` փետրվարի 1-ից հետո էլ էպոսագետ թեկնածուի մոտ դասական քարոզարշավ չի լինելու: Այս ընթացքում Սեդրակյանը հատուկ կարեւորություն է տալու համացանցային քարոզչությանը: «Որեւէ մարզ չեմ պատրաստվում գնալ, ձեռքով, աչքով կամ գլխով որեւէ մեկին չեմ բարեւելու: Նախընտրում եմ երեկոյան բազկաթոռի մեջ նստած հեռուստացույցով նայել, թե ինչպես են թեկնածուները մարզերով վազվզում, թե ինչպես է Սերժիկ Սարգսյանը կապտած դեմքով հանրահավաքներ անում»,- հայտարարեց Սեդրակյանը: