Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի կարծիքով, ուղղված էր մեր պետականության դեմ, երկրի կարգուկանոնը խարխլելու, երկրի իշխանությունների դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը հնարավոր համարեց, որ այս ամենի հետեւում կարող էին կանգնած լինել դրսի ուժեր: Չնայած նման կարծիքին եւ այն հանգամանքին, որ մահափորձի հաջորդ օրը Հայրիկյանը հայտարարում էր, որ միջադեպի հետեւում կանգնած է Ռուսաստանը, Առաքել Մովսիսյանը բացառեց, որ Ռուսաստանի մատը խառն է:
«Ռուսաստանը հաստատ նման բան չէր անի, որովհետեւ մեր պետության հետ հզոր պայմանավորվածությունների մեջ ենք գտնվում՝ սկսած բանակային հարցերից: Լավից լավ ենք Ռուսաստանի հետ: Այնտեղ բազմահազարանոց հայեր ունենք` Ռուսաստանում, իրենց լավ են զգում, դրա համար ես չեմ կարող կասկածել Ռուսաստանին»,- նշեց նա եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա ուղղված էր մեր պետության, պետականության դեմ, քանի որ մեր պետությունն օր օրի կայանում է:
«Դատապարտում եմ հայ անձնավորության վրա զենք բարձրացնելը, սա է իմ վերջնական խոսքը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիտարկմանը` հնարավո՞ր է` Արեւմուտքին է կասկածում, Մովսիսյանը պատասխանեց, որ «չի կարող կասկածամիտ լինել, միայն դատապարտում է»: Եթե կրակողը, պարզվի, հայ է եղել, ՀՀԿ-ական պատգամավորը նրան թուրք կհամարի: «Այս փոքրիկ երկրում հայը հայի վրա երբեւիցե իրավունք չունի զենքով խոսելու»,- շեշտեց նա:
Ի դեպ, պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքում նախագահի թույլ տված մի քանի «սխալները»: Ի պատասխան` Առաքել Մովսիսյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ում է եղել, հեռուստացույց չի նայել, ո'չ լսել է, ո'չ` տեսել: Չնայած սրան` պատգամավորը վստահ է, որ քարոզարշավը նորմալ է անցնելու: «Բոլորը պատժվելու են, ով որ կուզի լինի, էս արդար եւ մաքուր ընտրությունները խարխլելու մեջ, պատժվելու են միանշանակ: Ով որ ուզել է ընտրություններին սեպ խրել որեւէ մեկս էլ չենք միջամտելու, որ հանկարծ նրան ազատեն կամ չգիտեմ ինչ, չենք օգնելու, որովհետեւ սա նորից մեր պետության վրա է ուղղված: Ազատ, արդար, մաքուր ընտրությունների ենք գնում, քանի տարի է` փորձում ենք էլ ավելի մաքուր ընտրությունների գնալ: Մեր երկրի արժանապատվությունը նաեւ այս ընտրություններից է կախված»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: