Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը սիրում է Ամանորն անցկացնել Հայաստանում` տանը: Այս տարի, սակայն, հնարավոր է բացակայի երկրից, քանի որ ԱՄՆ պետք է մեկնի, ուր այդ տոնական օրերին մտերիմներից մեկի հարսանիքի քավորն է լինելու: Պատգամավորը ոչ միայն սեփական տան ամանորյա ծախսերն է հոգում, այլ նաեւ օգնում է ընկերներին ու համագյուղացիներին:
«Ինչքան հնարավորություն ունեմ իմ տարածաշրջանի` նեղության մեջ գտնված մարդկանց, կռված ընկերներիս փայտով, ֆինանսապես օգնում եմ: Անգամ ասել եմ, որ այսքան գումարի սահմաններում խանութներից նիսիայով առեւտուր կանեք, ես կփակեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը եւ պատասխանեց մեր այլ հարցերի եւս:
-Այսինքն` Ձմեռ պապի դեր եք ստանձնում:
-Իրոք, ամեն տարի անում եմ, դրա հետ մեկտեղ մեծ սայլուտը բերում եմ գյուղի մեջտեղը, գիշերվա 12-ին խփում ենք:
- Սիրում եք Ամանորը Ձեր տանն անցկացնել, Ձեր հարազատ գյուղում:
-Իհարկե, ես հաճույք եմ ստանում, որ իմ հարեւանները, իմ գյուղացիները, իմ ընկերները իմ տուն են գալիս` Նոր տարի շնորհավորելու, ու ես էլ եմ գնում իրենց տներ:
- Իսկ ընդունո՞ւմ եք, երբ մարդիկ մեկնում են արտասահմանում Ամանորն անցկացնելու:
-Ամեն մարդ թող իրա խղճով պատասխան տա: Օրինակ` ես իմ ժողովրդի հետ ավելի լավ եմ վայելում այդ հաճույքը, քան արտասահմանում: Մի անգամ, օրինակ, եղել եմ դրսում, ոնց որ անտեր լինեի:
-Այդ ճոխությունները Ձեզ չէի՞ն գրավում, լավ չէի՞ք զգում:
-Խորթ էր իմ համար շատ, նստած տեղս դաժը հուզվել եմ ու մտածում էի` ոնց ես իմ ժողովրդի հետ չեմ Նոր տարին անում:
-Իսկ ընտանիքով չէի՞ք:
-Ընտանիքով էի, բայց մեկ ա, մեկ ա էդ հաճույք չի: Էդ մի կտոր հարցը, բաժակ խփելը, որ հարեւանն ու ընկերդ դուռդ բացում ա` էդ ամեն ինչ ա ինձ համար: Միայն արգելել եմ կոնյակներով տուն մտնելը: Որ պրազնիկ լինի, գնանք ուտենք, խմենք, շարունակենք, իսկ կոնյակ տանել, բանբաներկա տանել, նվեր տանել` նման բաներ չեմ ընդունում, մի ձեւի պարտավորություն ա լինում:
-Ձեր երեխաների համա՞ր էլ նվերներ չեք անում:
-Մենակ իմ երեխաների համար չեմ անում: Դպրոցի, մանկապարտեզի համար Ձմեռ պապիներ եմ կանչում, ֆինանսավորում եմ, գալիս են` երեխաներին ուրախացնում են, տոպրակները բաժանում, գնում: Ուրախացնում ենք էլի ժողովրդին, ինչքան կարում ենք: Գյուղում մի հատ շենք եմ սարքել, ամեն մի արարողություն անվճար էնտեղ են անում:
-Ձեր երեխաներն ինչպիսի՞ն են, քմահա՞ճ են, թանկարժեք նվերներ պահանջո՞ւմ են Ձեզանից:
-Իմ երեխեքը, եթե տեսան, որ մեկը նեղն ա, անմիջապես գրպանի փողերը կհանեն ու կտան իրան: Անգամ դպրոցի տնօրենին զգուշացրել եմ, որ իմ երեխաների հանդեպ կողմնապահություն չանեն, եթե արեցին` այդ դասատուն չի աշխատի, որովհետեւ ես ուզում եմ, որ վաղը, երբ գյուղից դուրս են գալու եւ սովորելու համար գալու են Երեւան քաղաք, ուզում եմ, որ լավ մարդ դառնան:
-Լավ, իսկ նվե՞ր:
-Անցած տարի 2 մլն դրամի չափով խանութներում պարտքեր եմ փակել:
-Անձամբ Ձեր երեխաների համար ի՞նչ եք անում:
-Սովորական տոպրակ, ուրիշ ոչ մի բան, կարող ա՞ գնամ, բռլիանտի մատանի առնեմ:
-Բայց ես գիտեմ, որ շատ պատգամավոր հայրիկներ հենց մատանիներ եւ այլ թանկարժեք իրեր են գնում իրենց երեխաների համար:
-Ես չգիտեմ` ով ինչ է նվիրում, ես շատ սովորական եմ ապրում, իմ տան դռները միշտ բաց են բոլորի համար: Եթե տունը չեմ լինում կանայք դիմում են կնոջս, մնացածը` ինձ, իմ դռները միշտ բաց են...Ես իմ երեխաներին երես չեմ տալիս, որովհետեւ ինձանից հետո իրանք պետք է շարունակեն ապրել: Դաստիարակություն իմ կողմից տված է, որ ինքնուրույն մեծանան: Մենք 10 երեխա ենք եղել, մեր հերը հազիվ աշխատել է, որ մեզ պահի, ու մենք նույն ձեւի աշխատել ենք մեր երեխեքի համար: Տա Աստված վատ ժառանգ չունենանք, բայց ասեմ, որ իմ երեխեքը կանտրոլի տակ են: Եթե իմ երեխեն ուզում ա հարեւանի տուն գնա, անպայման զանգում, հարցնում ա, անգամ ֆուտբոլ խաղալուց են թույլտվություն հարցնում, բայց միայն դասերը սովորելուց հետո: Ես իմ երեխաների համար գերադասում եմ ուսումը: Մենք չենք սովորել, մեր գլխին տեր չի եղել, հերս գաջ քսող, ծնողներս տանջված մարդիկ էին, մեզ սովորացնող չի եղել, ամեն ինչի ինքնուրույն ենք հասել: Ու հիմա ամեն ինչ անում եմ իմ երեխաների համար, որ սովորեն: Ես իմ երեխաներին նվիրում եմ ուսում, շնորհք, խելք, հարգանք վայելեն ու գլուխները բարձր ման գան, որովհետեւ իրանց հերը երբեք գլուխը չի խոնարհել: Իմ տարածաշրջանում բոլորն են ինձ ճանաչում, կարող ա ասեք` ԱԺ պատգամավոր չիմանան, ասեք` Առաքել Մովսիսյան չիմանան, բայց որ ասեք` Շմայս, բոլորն էլ կասեն, թե ես ինչ ձեւի մարդ եմ:
-Ամենահիշարժան նվերը, որ ստացել եք Ձմեռ պապից մանկության տարիներին:
-Որ ուզում ես ճիշտ իմանալ` մեզ նվեր տվող չի եղել, չենք էլ մտածել էդ մասին: Մեզ նվեր տվող չի եղել, որովհետեւ քյասիբ ենք եղել:
-2013թ.-ին ի՞նչ եք ցանկանում Ձմեռ պապից:
-Երկրին խաղաղություն, Արցախի հարցի լուծում, ժողովրդին հարստություն:
-Իսկ անձամբ Ձեզ համար:
-Միայն առողջություն, ձեռքս, ոտքս աշխատում է, փառք Աստծո կարող եմ վաստակել: Ինչքան հնարավորություն ունենամ մարդկությանն էլ օգտակար լինեմ` ճիշտ ապրել:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը