կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 15:28
Հասարակություն

Բանկերն ուսանողներին երկարաժամկետ վարկեր կտրամադրեն

Բանկերն ուսանողներին երկարաժամկետ վարկեր կտրամադրեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարեցին նոր սոցիալական ծրագրի մեկնարկը:

 

ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությունը վարկային ծրագրի իրականացումն է, որի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են: Ի դեպ, նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջարկով:

 

Ըստ նախարարի` տարբեր առևտրային բանկեր նման ծառայություն իրականացնում են, բայց ոչ սոցիալական ծրագրի համատեքստում, այսինքն՝ այդ ծառայությունները կարճաժամկետ վարկեր են, իսկ այս նախագծով առաջին անգամ տրամադրվում են երկարաժամկետ վարկեր:

 

«Սա աննախադեպ մոդել է և իր մեջ ավելի շատ սոցիալական փիլիսոփայություն ունի, քան կոմերցիոն: Ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանելի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից և կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն, այս ծրագիրը նախևառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը և մատչելիությանը»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից:

 

Օսիպյանն էլ իր հերթին նշեց, որ վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ` մինչև 10 տարի մարման ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները:

 

«Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր ուսանողի համար կկազմի 1 800 000 հազար դրամ՝ 4 տրանշով՝ յուրաքանչյուր մասնաբաժնի համար 450 հազար դրամի չափով: Վարկը կտրամադրվի 12 տոկոսով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին»,- ասաց Օսիպյանը` հավելելով, որ ծրագիրն իրականացվելու է 14 առևտրային բանկերի միջոցով:

 

Բանկերի ցանկը կտեղադրվի «Հայաստանի բանկերի միության» կայքէջում, իսկ վարկավորման համար ուսանողները կարող են դիմել արդեն վաղվանից: