կարևոր
460 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-12-05 13:30
Հասարակություն

Ի՞նչ կարելի է գնել Վանից որպես նվեր

Ի՞նչ կարելի է գնել Վանից որպես նվեր

Ի՞նչ հուշանվերներ կարելի է գնել Վանից, որն ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկների է հյուրընկալում իր յուրահատուկ բնական գեղեցկությունների և հազարամյա պատմական հուշարձանների շնորհիվ։ Վան այցելած տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները հետաքրքրվում են, թե ի՞նչ կարելի է գնել քաղաքից՝ որպես նվեր։

Վանը, որն իր պատմությամբ և բնությամբ հիացնում է տեսնողներին, դարձել է տարածաշրջանի զբոսաշրջության կանգառ։ Վանն արտասահմանցի զբոսաշրջիկների առաջնային ուղղություններից է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև հարևան երկրների համար, ինչպիսիք են Իրանը և Իրաքը: Արդ, ի՞նչ նվեր գնել Վանից։ Մենք ուսումնասիրեցինք այն ապրանքները, որոնք վերադառնալիս կարելի է ձեռք բերել հին ու գեղեցիկ Վան քաղաքից: Ահա այն հուշանվերները, որոնք կարող եք գնել Վանում…

Վանը, որը հյուրընկալել է տասնյակ քաղաքակրթությունների, մի քաղաք է, որն արևելքի մարգարիտն է՝ իր ամրոցներով, կատուներով, չորս հիասքանչ եղանակներով, իր հայտնի նախաճաշով, որին երբեք չեք կարողանա դիմադրել, իր տպավորիչ լճով և շատ այլ առանձնահատուկ երևույթներով:

 

Տարածաշրջանի պատմությունն սկիզբ է առնում հնագույն ժամանակներից․ այստեղ նախ քաղաքը ձևավորվել է խուռիների օրոք (հոդվածի հեղինակը աղավաղում է պատմական իրողությունները՝ Վանի հիմնադրումը վերագրելով խուռիներին, այնինչ այն հիմնադրվել է Վանի Արարատյան թաքավորության գահակալների կողմից-Ակունքի խմբ), իսկ հետո անցել ուրարտական տիրապետության տակ։ Հետագայում այն գրավել են Ասորեստանը, մարերը, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացին, Սասանյանները, հռոմեացիները, Օմայանները, Աբբասյանները, հայերը (հայերը չէին կարող գրավել բուն հայկական և հազարամյակներ շարունակ հայաբնակ եղած Վանը այստեղ ևս գործ ունենք պատմական փաստերի միտումնավոր խեղաթյուրման հետ-Ակունքի խմբ), սելջուկները, կարա-կոյունլուները, աք-կոյունլուները և վերջապես օսմանցիները, և յուրաքանչյուրն իր դերն է խաղացել Վանի պատմության մեջ։ Այցելության և հիացմունքի արժանի տասնյակ վայրեր կան Վանում, որն ունի բազմաթիվ պատմական կառույցներ և շրջաններ, ինչպիսիք են Աղթամարի եկեղեցին, Վանի ամրոցը, Խոշաբի ամրոցը, Չավուշթեփեն և Տուշպան:

Բացի կատվից, որը հիացնում է իր տարբեր գույների աչքերով, քաղաքն ունի բազմաթիվ տեղական ուտեստներ, թավշյա խալաթ, խոտաբույսեր, մուրթուգու, սերկևիլով ուտեստ և այլ աղանդերներ։

Անցյալի հետքերը դեպի ապագա տանող և իր պատմությունը, մշակույթն ու արվեստը շարունակող Վանից կարող եք անմոռանալի նվերներ ընտրել ձեր սիրելիների համար։ Վանից հուշանվերներ գնելիս կարող ենք մի քանի փոքր խորհուրդ տալ, որոնք հարկավոր է հիշել։ Որպես հուշանվերներ կարող եք գնել սևադապատ արծաթ, Վանի գորգեր, ձեռագործ արձանիկներ, կախազարդեր, մագնիսներ և շատ այլ ապրանքներ, որոնք ունեն գրեթե երեք հազար տարվա արվեստի պատմություն։

Ի՞ՆՉ ՆՎԵՐ ԳՆԵԼ ՎԱՆԻՑ

ՎԱՆԻ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՄԱԳՆԻՍ

Դուք կարող եք գնել Վանի թեմայով մագնիսներ՝ որպես նվեր ձեր ընտանիքի ցանկացած անդամին, որոնք փոքրիկ, բայց հիանալի հիշողություններ են և զարդարում են սառնարանները: Հատկապես որոշ առևտրի կենտրոններում թվային տպագրված Վանի թեմատիկայով փայտե մագնիսները՝ 70 մմ լայնությամբ և 90 մմ երկարությամբ, ամենանախընտրելիներից են:

 

ՎԱՆԱ ԳՈՐԳ

Քաղաքում գրեթե ամենուր կարող եք գտնել ձեռագործ, հատուկ ձևավորված և հայտնի Վանի գորգեր և գնել դրանք որպես նվեր ձեր կնոջ, մոր և սիրելիների համար: Վանում և շրջակայքում տարբեր ձեռքի դազգահների վրա գեղեցիկ գորգեր են հյուսվում։ Դրանք վաճառվում են ինչպես մոտակա տարածքներում, այնպես էլ այլ խոշոր նահանգներում, ինչպես նաև գրավում են օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը: Վանա գորգերը մինչև կես դար առաջ գործվում էին հատակի դազգահների վրա մեծ չափերով, կրկնակի թեւերի տեսքով, այսօր դրանք գործվում են ուղղահայաց դազգահների վրա և ավելի փոքր չափերով։

Հյուսվածքի մեջ օգտագործվում են ավանդական գործիքներ, իսկ որպես նյութ՝ երբեմն բրդյա, երբեմն՝ գործարանային թելեր։ Վանում հյուսված գորգերը հիմնականում կարմիր, սև, բնական շագանակագույն, մուգ կապույտ և բաց սպիտակ գույներով են։ Վանում գործված գորգերի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ կանայք գորգերն օգտագործում են որպես իրենց զգացմունքներն արտահայտելու գործիք։

 

ՍԵՎԱԴԱՊԱՏ ԱՐԾԱԹ

Սևադը՝ պղնձի, կապարի, արծաթի և ծծմբի խառնուրդից ստացված նյութ է։ Սևադումը զարդարման տեխնիկա է, որն իրականացվում է ոսկերչական աշխատանքի վրա տարբեր ֆիգուրներ փորագրելով և դրանք սևադով լցնելով: Պղինձը, կապարը և արծաթը հալեցնում են ամանի մեջ, ավելացնում են ծծումբ և խառնում։ Այս խառնուրդը լցնում են գոմեշի եղջյուրի մեջ, սառեցնում և թողնում են երկու ժամ հանգստանա։ Եղջյուրը կոտրելով՝ պատրաստված սևադը հանում են, ծեծում և վերածում փոշու, մաղում և մաքրում կեղտից բորակով։ Այս կերպ ստացվում է փոշիացված սևադ։ Ստացված փոշի սևադը հալեցնում են և լցնում կաղապարի մեջ՝ ձողաձև սևադ ստանալու համար: Արծաթի վրա փորագրվում են ցանկալի ֆիգուրները, որոնք պետք է փորագրվեն բարակ գրիչով, արծաթի վերին մակերևույթը տաքացվում է և լցնում են սևադը վրա, ապա հղկում են, և այն պատրաստ է օգտագործման համար։ Վանում սևադը օգտագործվում է միայն արծաթի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Վանի 120 սևադի արհեստանոցներում կար շուրջ 400 սևադագործ վարպետ։ Վանում 900 հարգի արծաթով սևադ էին պատրաստում, այդ իսկ պատճառով օսմանցիները, բացի Ստամբուլից, Վանի և Դիարբեքիր նահանգներին բարձր հարգի արծաթին թուղրա դրոշմելու լիազորություն տվեցին։ Մեր օրերում Վանում որպես նվեր են գնում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սևադե կախազարդերը, ապարանջանները, ականջօղերը, մատանիներն ու թևնոցները։

 

ՇԱԼ ՈՒ ՇԱՊԻԿ ԵՎ ՔԸՐԱՍ ՖՍԹԱՆ

Շալ ու շապիկը և քըրաս-ֆստանը, որոնք կրում են Վան, Շըրնաք, Սղերդ, Հաքքարի, Դիարբեքիր և Մարդին նահանգներում, շարունակում են եկամտի աղբյուր մնալ շատ մարդկանց համար և քրդերի համար ևս անփոխարինելի են այնպիսի հատուկ առիթների, ինչպիսիք են հարսանիքները, նշանադրությունները, ավարտական ​​ տոնակատարությունների ժամանակ։ Այս տեղական հագուստները որպես նվեր տանում են աշխարհի տարբեր երկրներ։

 

ՎԱՆԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐՈՎ ՊԱՆԻՐ

Բացի հուշանվերներից, որպես նվեր գնվող ապրանքներից է նաև խոտաբույսերով ​​պանիրը, որը հայտնի Վանի նախաճաշի անփոխարինելի համն է: Մոտ 250 տարի Վանում արտադրված պանիրն այս խոտաբույսերով է՝ սիրմո, ուրց, սիյաբո, հելիզ և այլն, որոնք աճեցվում են տարածաշրջանում և շրջակա գավառներում, պանիրը պատրաստվում է կովի կամ այծի, հատկապես մանր եղջերավոր անասունների կաթից կամ դրանց խառնուրդից։ Այն մոտավորապես 20 խոտաբույսերի հավելումով պատրաստված պանիր է, և գույնը տատանվում է սպիտակից մինչև դեղնավուն՝ կախված օգտագործվող կաթից և բույսերից, միջին կարծրության, աղի, սխտորի և ուրցի բույրը գերակշռում է, և սպառվում է թարմ վիճակում՝ աղելուց հետո կամ աղաջրի մեջ հասունանալով։

 

Վանի խոտաբույսերով պանրի մի տեսակ կա, որը տարբերվում է վերոնշյալ տեսակի պանրից․ մակարդի մոտ 2%-ի չափով ավելացնում են համեմունքային խոտաբույսեր և 3-7 ամիս թաղելով հողում՝ հասունացնում կավե կամ պլաստիկ տարաների մեջ։ Խոտաբույսերի պանրի կտրվածքի մակերեսի խոտաբույսերը միատարր բաշխված են: Արտադրության մեջ օգտագործվող խոտաբույսերի բազմազանությունը դրսևորվում է համով և հոտով։ Էվլիյա Չելեբին իր «Ուղեգրությունում» Վանի նահանգի մասին խոսելիս հիշատակում է խոտաբույսերից պատրաստված պանիրը։ Վան քաղաքի բուսականության հարստությունը և տեղի բնակիչների քոչվորական կյանքը, որոնց ապրուստը կախված է անասնաբուծությունից, նրանց հնարավորություն են տվել մոտիկից ճանաչել վայրի բույսերը և ստեղծել խոտաբույսերի պանրի ավանդույթը: Խոտաբույսերի պանիրը տեղի բնակիչներն օգտագործում են օրվա ընթացքում, ամեն անգամ ճաշելիս։ Խոտաբույսերիով պանիրը, որը նախկինում արտադրվում էր միայն ցրված ընտանեկան ձեռնարկություններում, այժմ արտադրվում է արդյունաբերական եղանակով՝ տարածաշրջանի բազմաթիվ ձեռնարկություններում։ Ե՛վ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչխարի կաթի արտադրության աճը, և՛ այս ամիսներին օգտագործվող խոտաբույսերի համընկնումը ստիպում են գարնանը Վանի խոտաբույսերով պանիր արտադրել։ Այնուամենայնիվ, խոտաբույսերի աղելու միջոցով պահպանումը թույլ է տալիս խոտաբույսերով պանրի արտադրությունը երկարաձգել մինչև հուլիս, օգոստոս և հաջորդ ամիսներ: Խոտաբույսերը օգտագործվում են տարբեր մթերքների մեջ և ունեն նաև տնտեսական և առևտրային նշանակություն։ Պանրի արտադրության սեզոնին արտադրողները հավաքում են այս խոտաբույսերը լեռներից և ավելցուկը բերում Վան քաղաքի կենտրոն և վաճառում։

 

ՇԱՏԱԽԻ ՄԵՂՐ

Հուշանվերային ապրանքներից մեկը, որը կարելի է գնել Վանից՝ Շատախի մեղրն է, որն ունի յուրահատուկ համ։ Կարող եք Շատախի մեղրը նվեր վերցնել կամ գնել նախաճաշին օգտագործելու համար։

Ի՞ՆՉ ՆՎԵՐՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԵԼ՝ ԸՍՏ ՎԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ

Քանի որ Վանն ընդհանուր առմամբ ունի 13 գավառ, և յուրաքանչյուր գավառն ունի իր տարբերվող գեղեցկությունն ու առանձնահատկությունը, դուք չեք կարող տեսնել մի մասը, իսկ մյուսը անտեսել, և կհիանաք նրա հողի յուրաքանչյուր թիզով: Չեք կարող չգնել նվեր ձեր այցելած յուրաքանչյուր շրջանում, քանի որ նրանք բոլորն ունեն իրենց հատուկ նվերները: Հուշանվերները, որոնք կարելի է գնել Վանից, դասավորել ենք ըստ իրենց շրջանների․

ԻՓԵՔՅՈԼՈՒ՝ խոտաբույսով պանիր և Վանի բլիթ

ԱՐՏԱՄԵՏ՝ Վանա գորգեր, Վանա լճի թեմայով ապրանքներ

ՏՈՒՇՊԱ՝ սևադապատ արծաթ

ԲԱՀՉԵՍԱՐԱՅ (Մոկս-Ակունքի խմբ Կարմիր կամրջի մագնիս, ընկույզ

ԲԱՇԿԱԼԵ (Ադամակերտ-Ակունքի խմբ ծաղկի զտված մեղր, բնական հուշարձանների, տրավերտինի և սատանայի կամրջի մագնիսներ

ՉԱԼԴՐԱՆ՝ Խորանարդ գմբեթավոր հուշանվեր-արձանիկ

ՇԱՏԱԽ՝ Շատախի մեղր, ընկույզ և ընկույզի վրա փորագրված իրեր

ԱՐՃԵՇ՝ Ամրոցի կամ դամբարանի արձանիկներ և շաքարի ճակնդեղ,

ԳԵՎԱՇ (Ոստան-Ակունքի խմբ Աղթամարի եկեղեցու թեմատիկ արձանիկ, մագնիս, որմնանկար, աղանձ

ԳՅՈՒՐՓԸՆԱՐ (Հայոց ձոր-Ակունքի խմբ Աղջկա քարանձավի թեմաներով 3D նկարներ, բանալու կախազարդեր

ՄՈՒՐԱԴԻԵ՝ Մուրադիե (Բերկրի-Ակունքի խմբ) ջրվեժի թեմայով մագնիս, աղած ձուկ

ՕԶԱԼՓ՝ Օզալփի թխվածք

ՍԱՐԱՅ՝ Վանի թեմայով մագնիս:

ՎԱՆՈՒՄ ՆՎԵՐՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐ

Ձեռագործ խեցեգործական արտադրանքը նույնպես մեծ տարածում ունի Վանում։ Ափսեները, ամանները և սափորները, հատկապես զարդարված նախշազարդ սալիկները ինչպես դեկորատիվ են, այնպես էլ գործածական: Մյուս կողմից «Ռուսական շուկա» կոչվող շուկայում առաջարկվում են հարակից երկրների ապրանքներ։ Այս պատմական շուկաներում կարելի է գտնել հազարավոր տարբեր հուշանվերներ: Այս շուկաներից խեցեղենի հետ մեկտեղ կարելի է ձեռք բերել նաև տեղական հագուստ և տարբեր հուշանվերներ։

Վանի կենտրոնում գտնվող այս պատմական շուկաներում կարող եք գնել ամենայուրահատուկ իրերը ձեր սիրելիների համար կամ պահել որպես հուշանվերներ:

Համեմունքների շուկա,

Ռուսական շուկա,

Պանրի պատմական շուկա,

Բուկինիստական հնագրավաճառների շուկա

Լրագրող՝ Մ. Ալի Օրթաչ

https://www.vanolay.com/vandan-hediye-olarak-ne-alinir

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net