Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղվանից նախագահի աթոռի համար պայքարողները պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե բոլոր նրանք, ովքեր նախապես հայտարարել են առաջադրվելու մտադրության մասին, իրոք, առաջադրվեն, մենք կունենանք նախագահի առնվազն 35 թեկնածու:
ՀՀ Սահմանադրությունը, իհարկե, չի արգելում որեւէ մեկին դառնալ նախագահ, սակայն ցավն այն է, որ մեր երկրում գրեթե բոլորը կուզենան մասնակցել ընտրապայքարին, եւ թվում է՝ միակ խանգարող հանգամանքը 8 միլիոն դրամ ընտրագրավն է: Որովհետեւ նախկին եւ ներկայիս ՀՀ նախագահների ու կառավարությունների գործունեության հետեւանքով Հայաստանը գնալով անկում է ապրում ներքին ու արտաքին վարկանիշային գրեթե բոլոր աղյուսակներում: Հայաստանում արտագաղթը այլեւս ահագնացող չափերի է հասել, տարին սկսեցինք եւ ավարտում ենք 36 տոկոս պաշտոնական եւ 70 տոկոս ոչ պաշտոնական, այն է՝ իրական աղքատության ցուցանիշներով, թեեւ Սերժ Սարգսյանը դեռ 2007 թվականին էր խոստանում իսպառ վերացնել աղքատությունը: Ունենք 6.2 տոկոս տնտեսական աճ, բայց դա մեր քաղաքացին նույնքան չի զգում իր ընտանիքի մաշկի վրա, որքան չէր զգում երկնիշ տնտեսական աճի «հին ու բարի» ժամանակներում: Ամբողջ տարվա ընթացքում մեզ ուղեկցեց պարենային ապրանքների սարսափելի գնաճը, տարին փակում ենք գազի գնի վերստին թանկացման մտահոգիչ հայտարարություններով: Միաժամանակ, մարդկանց եկամուտները չեն ավելանում, չկա նաեւ կայուն եկամտի հույս, եւ մեր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զանազան օրինական ծրագրերով ու զարտուղի ճանապարհներով հայացքը հառել են դրսին:
Սրանք այն ցուցանիշներն են, որ ցանկացած քաղաքացի տեսնում է անզեն աչքով՝ առանց թվերի մեջ մտնելու: Մենք եւս չենք խորանում թվերի մեջ՝ առավել սարսափելի իրականությամբ ու պաշտոնական թվային մանիպուլյացիաներով «տոնական տրամադրությունը» չփչացնելու համար: Չնայած ի՞նչ տոնական տրամադրություն, երբ քաղաքացիների մի մասն արդեն որերորդ տարին է՝ Նոր տարին էլ է վարկով նշում:
Սոցիալական ամենածանր խնդիրները, որ այսօր փաթաթված են քաղաքացու վզին, ստիպում են նրան մոռանալ մեր ազգային, հավաքական ամենակարեւոր հարցերը եւ դրա փոխարեն մտածել միայն մեկ օր եւս կուշտ սնվելու մասին: Ու բնական է, որ այժմ, երբ կառավարությունը հետեւողականորեն տապալում է թե' իր, թե' նախագահի գործունեության ծրագրերը, յուրաքանչյուր մարդ, քնից արթնանալով, կմտածի, որ ինքն ավելի լավ կառավարի երկիրը, քան հիմա է:
Երեք նախագահների գործունեության արդյունքում նախագահի վեհ պաշտոնը նվաստացել է, ու մենք՝ քաղաքացիներիս, համոզված ենք, որ կարող ենք հաղթել գործող նախագահին, եթե վերջինս չապավինի ընտրակաշառքին ու վարչական ռեսուրսներին, եւ ապա՝ բազմակի անգամ առավել լավ կկառավարենք երկիրը:
Հենց նախագահի ու կառավարության գործունեության կամ, որ ավելի ճիշտ է, անգործության արդյունքում վարկաբեկվել են իմ նախագահի ինստիտուտը, իմ նախագահը եւ ես՝ որպես այս պետության քաղաքացի:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ