Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ դեռեւս քննարկվում է ԱԺ-ում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարեց, որ հարցը մեծամասնությունը ցանկանում է ընդամենը տեղափոխել կոճակ սեղմելու դաշտ: Նա այդպես էլ չի հասկացել, թե ի՞նչ կապ ունի կառավարությունը ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի հետ: «Քաղաքական մեծամասնությունը զիջել է իր լծակները կառավարությանը, եւ կառավարությունը նաեւ դարձել է թելադրողը պատգամավորի պահվածքի մասին: Խոսվում է հանդուժողականության, կոնսենսուսի մասին: Հարց եմ տալիս` ի՞նչ կապ ունի ձեր առաջարկությունը կոնսենսուսի հետ: Կոնսենսուս էիք ուզում` այս հարցը նախապես քննարկեիք խմբակցությունների հետ»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նշրեց, որ մեծամասնության համար իրենց կոճակները շատ ավելի կարեւոր են, ցանկացած փոփոխություն էլ կարող են անել: «Է, արեք, մեղքը ձեր վիզը: Ոչ մի կոնսենսուս դուք չեք թույլ տվել, ոչ մի իրավական քննարկման դուք պատրաստ չեք, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ էթիկայի հանձնաժողովում` այս հարցի հետ կապված, բացարձակապես ո'չ օրենքի, ո'չ կոնսենսուսի եւ ո'չ էլ տարրական կանոնների պահպանման հետ կապ չի ունեցել»,- ընդգծեց Մինասյանը:
Նա նշեց նաեւ, որ Դավիթ Հարությունյանի պահվածքը առանձին էթիկայի հանձնաժողովի քննարկման թեմա կարող է դառնալ: «Իր պահվածքով թե' հեղինակազրկեց ԱԺ-ն եւ թե' էթիկայի հանձնաժողովը: Դուրս գալ եւ հայտարարել, թե անօրինական նիստ է տեղի ունեցել ու տապալել նիստը խոսում է այն մասին, որ Դավիթ Հարությունյանը եւ նրա տեսակետը պաշտպանողները որեւէ աղերս անգամ չունեն ժողովրդավարության հետ»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Մինասյանի հայտարարության ժամանակ շարունակ ռեպլիկներ էին հնչեցնում ՀՀԿ-ական պատգամավորները, ինչը բարկացրեց Արծվիկ Մինասյանին եւ նա հայտարարեց, որ եթե բան ունեն ասելու` թող ԱԺ ամբիոնից ասեն, պետք է հարգել ԱԺ ամբիոնը, որը քաղաքական մեծամասնության կոճակ սեղմելու տեղը չէ:
Մինասյանը իր ելույթի վերջում ընդգծեց, որ «բորշ եփողը» պետք է ներկայացներ նախագիծը եւ տար պատգամավորների հարցերի պատասխանները: Հարցի քննարկումը շարունակվում էր անցնել լարված մթնոլորտում: Նրա հայտարարությունից հետո էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին միջամտեց եւ ընդգծեց, որ ոչ ոք ոչ մեկի ոչ մի բան դեմ չի տվել: