Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում 2013թ. Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր ինտուիցիան հուշում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում: Yerkir.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը հիշեցրեց մեզ հետ ունեցած այդ զրույցը:
Մեր այն դիտարկմանը՝ միայն ինտուիցիայի՞ հարց էր, թե տեղեկությունների էր տիրապետում, Կոտայքի մարզպետը հպարտորեն նշեց. «Միայն իմ ինտուիցիան, որը երբեք չի սխալվում»:
Գագիկ Ծառուկյանի քայլը Կոտայքի մարզպետը շատ ճիշտ է գնահատում:
«Կարծում եմ ինքը ողջախոհ քայլ կատարեց, արդեն կայացած քաղաքական գործիչ է եւ հենց այնպես չէր կարող այդ որոշումը կայացնել: Կարծում եմ՝ Ծառուկյանն այդ որոշումը կայացրել է քննարկումների, կանխատեսումների արդյունքում եւ եկել այդ եզրակացության, որը շատ ճիշտ եմ համարում»:
Կոտայքի մարզպետը բացառում է, որ Ծառուկյանի վրա ճնշումներ են գործադրել: «Բացառված է, որ նման բան եղած լինի: Նախ, երկրի նախագահն այդպիսի ոճ չունի, բացի դա էլ Ծառուկյանն այն մարդը չէ, որին ճնշումների ենթարկեն»,-հայտարարեց Կովալենկո Շահգալդյանը:
Դիտարկմանը, որ երբ արդեն պարզ է, որ Ծառուկյանը չի առաջադրվելու, կարող ենք փաստել, որ ընտրությունները ՀՀԿ-ի համար հեշտ են անցնելու, հաղթանակն էլ անհամեմատ մոտ է թվում, Կոտայքի մարզպետն արձագանքեց. «Հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, համեմատաբար, իհարկե, դյուրին կլինի հիմա: Բայց պետք է հաշվի առնենք, որ կա ընդդիմադիր ընտրազանգված, որը ձայները կտա այլ թեկնածուի»:
Կոտայքի մարզպետը չգիտի, թե ԲՀԿ-ի ընտրազանգվածը ում կտա իր ձայնը, բայց մի բանում վստահ է. «Մի մասը հաստատ կտա մեր թեկնածուին, մնացածը՝ չգիտեմ: Կոտայքում ԲՀԿ-ականների մեծ մասը իրենց ձայնը կտան մեր թեկնածուին»: