Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան պրակտիկա է` շատ հաճախ մեղադրյալի հանդեպ միանգամից կիրառվում է կալանքը` որպես խափանման միջոց, եթե նույնիսկ նրան կալանքի տակ առնելու հիմքեր չկան:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացնում է տվյալներ, համաձայն որոնց, 2011 թվականին առաջին ատյանի դատարաններ ներկայացված մեղադրյալին կալանքի տակ առնելու միջնորդությունների մոտ 96 տոկոսը բավարարվել է: Իսկ ողջ հանրապետությունում գործող 16 դատարաններից 10-ում ստացված նույնաբովանդակ միջնորդությունները բավարարվել են 100 տոկոսով: Այնինչ` կալանքը խափանման բացառիկ միջոց է եւ եթե հնարավոր է կիրառել մյուսները ինչու՞ անձին պատժել /այս դեպքում պատժել բառը բավականին տեղին է օգտագործված, եթե հաշվի ենք առնում այն, որ լինում են դեպքեր, երբ մարդը կալանքի տակ է մնում գրեթե նույնքան ժամանակ, որքան նախատեսում է օրենքի հոդվածը, որի հիմքերով*- մեղադրվում է նա/:
Փաստաբան Սամվել Ջաղինյանը «Երկիր»-ին ներկայացրեց մի գործ, երբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու եւ անզգուշությամբ անձին սպանելու մեջ մեղադրվող մարդուն կալանաքի տակ են առել, սակայն դրա համար հիմքեր իրականում չկան:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Վարդանյանը միջնորդել է դատարանին կալանքի տակ առնել մեղադրյալին եւ իր գրավոր միջնորդության մեջ նշել է, թե ազատության մեջ մնալով նա կխուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ կխոչընդոտի քննությանը: Այնինչ` միջնորդությունը քննելու նիստի ժամանակ քննիչը բոլորովին հակառակն է խոսոտվանել.
«Հարց եմ տալիս, թե հիմքեր կա՞ն քրեական գործում, որ կխուսափի, ասում է` չունեմ հիմքեր»,- փաստաբանի համար անհասականալի է, թե դատավորն ինչպես է հետագայում բավարարել այս միջնորդությունը, եթե լսել է քննիչի խոստովանությունը: Միջնորդությունը քննել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Խաչատրյանը:
Ս. Ջաղինյանը պնդում է, որ դեպքից հետո իր պաշտպանյալն ութ օր ազատության մեջ է եղել եւ ամեն օր պարտաճանաչորեն իր հետ միասին ներկայացել է ոստիկանություն` ծանուցագիրը ստանալուց հետո: Նույնիսկ իմացել են, որ հավանական է ձերբակալեն իրեն, բայց չի խուսափել ներկայանալ: Սակայն դա էլ դեռ ոչինչ, հետաքրքիրը պատահում է ավելի ուշ:
Առաջին ատյանի այս որոշումը բողոքարկվում է վերաքննիչ դատարանում, եւ ահա այս ատյանում էլ դատավորները ոչ միայն որոշում են, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է, այլեւ դրան նոր հիմք են տալիս. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեծ է հավանականությունը, որ մեղադրյալը ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող է կատարել նոր հանցանք, հետեւաբար, առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված եւ պատճառաբանված»:
Իսկ թե այս դատարանը որտեղից է վերցնում, թե մարդը կարող է նոր հանցանք կատարել, Աստված գիտի: Վերադաս ատյանն իրավունք չունի շեղվելու բողոքի սահմաններից: Ինչեւիցէ, վերաքննիչի այս որոշման վերաբերյալ բողոք է ուղարկվում վճռաբեկ դատարան, սակայն վերջինս վարույթ էլ չի ընդունում գործը: Իսկ այն, որ վերադաս այս ատյանը անհասկանալիորեն հաճախ մերժում է քննության առնել գործերը, վերջին շրջանում ամենաքննարկվող առաջին հարցերից մեկն է:
Ինչեւիցէ, վերադառնալով կալանքին, ապա Ս. Ջաղինյանը նշեց, թե վստահ է, որ դատավորներները կարող են շատ հիմնավորված որոշումներ գրել, սակայն նրանք չեն էլ խորանում, թե արդյո՞ք կան հիմքերը անձին կալանքի տակ առնելու թե ոչ: Իսկ այս անփույթ վերաբերմունքն էլ բերում է նրան, որ քննիչները նույնպես չպատճառաբանված միջնորդություններ են ներկայացնում` վստահ լինելով, որ դրանք բավարարվելու են:
Փաստաբանը հետաքրքիր մի բան է նշում` հետագայում գործի քննության ավարտին կալանքի միջոցը դատարանների համար բեռ է դառնում` արդար մոտեցում ցուցաբերելու առումով: «Եթե մարդուն կալանքի տակ են առնում, դժվար են գնում արդարացման դատավճռի կամ ազատազրկման հետ չկապված պատժի կիրառման: Օրենքը նախատեսում է միջին ծանրության հանցագործությունների դեպքում տուգանքի կիրառումը, բայց եթե մի 4, 6 ամիս կալանքի տակ է եղել, էլ չեն գնում դրան, որպեսզի էդ կալանքն արդարացնեն, որովհետեւ դրա որոշումն ընդունել է կոլեգա դատավորը»:
Հիվանդության, վարակի պես տարածված է. փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը նույնպես խոսում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու երեւույթի մասին: Այս խնդրի մասին ահազանգում են ոչ միայն իրավաբանները, այլեւ տեղական եւ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում:
Մասնավորապես, այս տարի հրապարկված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում նշվում է. «Մտահոգիչ է այն, որ դատախազությունն ընդհանուր առմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս նախապատվությունը տալիս է կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուն, մինչդեռ կալանքը պետք է դիտվի որպես բացառիկ խափանման միջոց եւ կիրառվի այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավաոության օրենսգրքով սահմանված մյուս խափանման միջոցները հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»:
Վ. Գեւորգյանը նշում է նաեւ, որ չկա որեւէ իրավական նորմ, որը կսահմանի թե ինչ հանցագործությունների դեպքում պետք է կիրառել կալանքը: Նույնիսկ ամենածանր հանցագործության դեպքում խափանման միջոցի կիրառումը պարտադիր չէ, նախ պետք է քննարկել արժե՞ խափանման միջոց ընտրել, եւ հետո` ի՞նչ միջոց: Մեկ այլ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշում է, որ եթե մոնիտորինգներ արվեն, ապա կպարզվի, որ 60-70 դեպքերում կալանքի տակ առնելու հիմքեր չկան:
Իսկ այս ամենի արդյունքում տուժում է հենց պետությունը: Ընդամենը երկու օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ երկու վճիռ է ընդունել, որոնցից երկուսի հիմքում էլ Եվրակոնվենցիայի խախտմամբ մարդուն կալանքի տակ պահելն է: ՀՀ կառավարությունը պարտավոր է Վարդան Մալխասյանին վճարել 4.5 հազար եվրո` 2006-ի դեկտեմբերի 9-ից սկսած ութ ամիս անհիմն կալանքի տակ պահելու համար, իսկ Կամո Փիրուզյանին էլ վճարել 8 հազար եվրո` մեկ տարի երկու ամիս անհիմն կալանքի տակ լինելու համար: Ի դեպ, այս հիմքով Հայաստանի դեմ վճիռներ էլի են եղել:
Ինչեւիցէ, խնդիրը կա եւ պետք է գտնել նաեւ դրա լուծումը: Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը հետեւյալն է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսել այլ խափանման միջոցներ եւ ապահովել դրանց կիրառումը` նվազեցնելով կալանքի միջնորդությունների քանակը»:
Մեր զրուցակից փորձագետները նույնպես որպես լուծում առաջարկում են օրենսդրական փոփոխությունները: Իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հավելում է, որ եթե օրենքում փոփոխություններ չեն արվում եւ խափանման նոր միջոցներ չեն ներառվում, ապա գոնե եղած մյուսների մասին էլ երբեմն պետք է հիշեն: Օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցներից գործնականում գրեթե չեն կիրառվել «անձնական երաշխավորություն» եւ «կազմակերպության երաշխավորություն» տեսակները:
Ն. Բաղդասարյանը հարցի լուծման մյուս տարբերակն էլ նշում է այն, որ Վճռաբեկ դատարանը պետք է նախադեպային որոշում ընդունի հարցի վերաբերյալ եւ սահմանի կալանքի բացառիկ խափանման միջոց լինելու մասին. «Պետք է նշվի, որ, օրինակ, վթարների գործերով, երբ անզգուշությամբ հանցագործություն է կատարվել, պետք չէ մարդկանց զրկել ազատությունից եւ ծանրաբեռնել ՔԿՀ-ները: Հիմա մենք դատական մի գործի ենք, մարդը մեղադրվում է անզգույշ հանցագործության մեջ, եւ անգամ մեղադրական դատավճռից հետո նրան նախատեսվում է բաց տիպի պատիժ, դուրս է գալու, բայց հիմա իրենց մոտ էնպիսի վիճակ է, որ 8 հոգանոց խցում նստած է 16 մարդ»:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք լսել նաեւ կառավարության դիրքորոշումը: Մասնավորապես արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում խոսեց խափանման միջոցների վերաբերյալ օրենսդրական թույլ կողմերի մասին: Մասնավորապես նշեց այն, որ թեեւ կալանքից բացի կան խափանման այլ միջոցներ` գրավը, երաշխավորումը եւ այլն, սակայն դրանք համակցմամբ կիրառելու հնարավորությունը դատարանը չունի: Հաճախ է լինում, որ դատարանը կարող է անձին կալանավորելու որոշում չկայացնել, սակայն դրա փոխարեն երեք կամ չորս այլընտրանքային երաշխքիներ պետք է լինեն, օրինակ` վերցնեն երաշխավորություն, անձնագիր, գրավ: Սակայն առանձին վերցված գրավը բավարար երաշխիք լինել չի կարող: Թվում է, թե անձի շահերից ելնելով է մեր ներկայիս օրենսդրությունը սահմանել է, որ մեկից ավելի խափանման միջոց կիրառել չի կարելի, սակայն, պարզվում է, այդքան էլ այդպես չէ:
Փոխնախարարը հայտնեց նաեւ, որ այժմ նախարարության կողմից մշակվում է Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որի վերաբերյալ միջազգային փորձագետները բավականին դրական են արձագանքել.
«Այստեղ մի քանի պարզ միջոցներ են կիրառվում, որոնք, մենք վստահ ենք, հնարավորություն կտան կալանավորման խնդիրը մեծամասամբ լուծել: Մենք փորձում ենք ստեղծել այն բոլոր պատշաճ իրավական հիմքերը, որպեսզի այլեւս օրենսդրական խնդիրների վրա չկարողանանք բարդել կալանքի վերաբերյալ հարցերը»:
Եվ այս դեպքում քանի որ լուծումը բավականին հեռահար է թվում, ապա մնում է միայն հուսալ, որ լավ կլինի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ