կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 12:02
Սպորտ

Անբարոյական սուլիչը (լուսանկար)

Անբարոյական սուլիչը (լուսանկար)

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամանակ էլ տեղի ունեցավ անբարոյական սուլիչի փառավոր դեբյուտը: Դե, ինչ անի մրցավարը, երբ սուլիչը չի սուլում:  Չափազանց կոպիտ խաղ մեր տղաների նկատմամբ, չնշանակված 11 մետրանոց, չհաշվված գոլ, և ինչեր դեռ կարելի է հիշել:

 

Սլովակիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը հատկապես՝ դժվար էր ֆուտբոլի նմանեցնել, հակառակորդը ռեգբի էր խաղում, մրցավարն էլ համալրել էր դաշտի տերերի շարքը: Սակայն 2-րդ խաղակեսից, երբ հակառակորդն անզոր է, սուլիչը հիշում է իր գործառույթը և տեղ-տեղ գործի անցնում:

 

Այս անգամ անբարոյական սուլիչը սուլեց մինչև նպատակի վերջակետը: Վատ մրցավար չի լինում է, լինում է ծախված մրցավար, ահա  միակ ճշմարտությունը: Առիթը կար (չնայած Բերեզովսկին ձեռքով չխաղաց), և դատը չուշացավ: Սակայն մինչ այդ իռլանդացի ֆուտբոլիստը խախտել էր կանոնները մեր դարպասպահի հետ խաղում, հարձակվողն էլ ձեռքով գնդակն էր ընդունել, սակայն սուլիչը համեստորեն լռում էր: Ցանկացած մրցավար կարող է սխալվել, սակայն ոչ դարպասապահի հարցում: Երևի ոչինչ մեզ այդքան չէր կարող ընկճել, որքան Բերեզովսկու հեռացումը: Վալերի Ալեքսանյանի ինքնագոլը դարձյալ փորձառու դարպասապահի` խաղադաշտում չլինելու հետ էր կապված: Պաշտպանը պարզապես փորձում էր փրկել իրավիճակը և գնդակը չթողնել 20-ամյա Պետրոսյանին, ում ուսերին դրված էր թիմի ճակատագիրը:

 

Իսկ վերջում, երբ Հայաստանի գոլ խփելը ձևականություն է և ոչինչ չի փոխի, անսպասելիորեն աշխատում է սուլիչը և աշխատում մեր օգտին: Կեղտոտված հեղինակություն, ահա թե ինչն էր ուզում փրկել իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը:

 

Իռլանդիա-Հայաստան հանդիպման ելքը ոչ մի կերպ իռլանդացիների շնորհքը չէր: Հայաստանը մնաց 3-րդ տեղում և չանցավ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ, սակայն աշխարհը դեռ կլսի այս տղաների մասին, ովքեր, կորցնելով թիմի 60%-ը՝ դարպասապահին, մնալով 10-ը հոգով, պայքարեցին մինչև վերջին վայրկյանը, իսկ երկրպագուների փոքրիկ սեկտորը լռեցրեց 50.000-ոց «Ավիվան»: 

 

Անի Մեջլումյան