կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 11:59
Մշակույթ

Նրանք մարդ էին եւ վախենում էին

Նրանք մարդ էին եւ վախենում էին

Երեկ Համազգային թատրոնում` «Հայ ֆեստ»-ի շրջանակներում, ներկայացվեց անգլիական «Proto-type» թատրոնի «Երրորդ անձ` Բոննի եւ Քլայդ» բեմադրությունը:

 

«Proto-type» թատրոնը երիտասարդական է, որտեղ աշխատող դերասանները ստեղծում են յուրահատուկ աշխատանքներ` տարբեր մասշտաբներով, միջոցներով եւ թեմաներով:

 

«Երրորդ անձ` Բոննի եւ Քլայդ»-ը պատմություն է երեք տարի շարունակ բանկեր թալանող եւ սպանություններ կատարող Բոննի Փարկեր եւ Քլայդ Բարոու զույգի մասին, որոնց արկածային պատմությունն ավարտվեց 1934 թ. Լուիզիանայում, երբ ոստիկանությունը դարանակալեց ու սպանեց նրանց: Դեպքի մանրամասներին ոչ ոք տեղյակ չէ:

 

«Նրանք մարդ էին եւ վախենում էին»,- ահա պատմության ներկայացման գլխավոր իմաստը, որի շուրջ էլ պտտվում էր «ինչու»-ն:

 

Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի Արփինե Բուլղադարյանի կարծիքով` փորձում էին նոր ձեւով ներկայացնել պատմությունը, թեպետ այնքան էլ հաջող չէր. «Ինձ այնքան էլ դուր չեկավ: Դերասանների խաղը ստացված էր, բայց պատմությունը, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չներկայացրին: Մի քիչ շատ հերոսացրին Բոննին եւ Քլայդին»:

 

Արփինեն կարծում է, որ այնպես էին ներկայացնում հերոսներին, որ նրանք ընդհանրապես մեղք չունեին, ուղղակի վախենում էին: «Բայց չէ որ բոլորս էլ վախենում ենք, եւ ինչ է` պետք է մարդ սպանենք, որ մեր վախերը հաղթահարե՞նք»,- ասաց Արփինեն` հավելելով, որ ոճը, համենայն դեպս, շատ լավն էր:

 

Իսկ ՀՊՃՀ գրավիմետրիա առարկայի դասախոս Հարությունյան Նարինեի կարծիքով` շատ լավ ներկայացում էրՄարդիկ, ճակատագրեր. յուրաքանչյուրն էլ ուզում է ապրել եւ ապրելու տարբեր միջոցներ է ընտրում: Դերասանական խաղը ստացված էր` մեծ չափով ժեստեր եւ էներգիա կար, բայց պատմությունը, իմ կարծիքով, ներկայացված էր ուղղակի ինֆորմացիայի տեսքով»:

 

Ըստ նրա` թատերական ներկայացման ջիղը չկար, եւ ներկայացումը այնքան էլ փառատոնային չէր: