Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համարում է, որ Ռուսաստանի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը Վլադիմիր Պուտինն է, եւ ինքը մտադիր չէ արմունկներով ճանապարհ հարթել իր համար կամ պայքարի մեջ մտնել վարչապետի հետ պետական բարձրագույն պաշտոնի համար: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, նախագահը հայտարարել է ռուսական առաջատար հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որը կհեռարձակվի այսօր` Մոսկվայի ժամանակով` 20:30-ին:
«Ինձ համար, իհարկե, հաճելի է գիտակցել, որ գործող նախագահի հանդեպ վստահության բավական բարձր մակարդակը պահպանվում է, որ նա ունի զգալի ընտրական վարկանիշ, սակայն ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստին, որ վարչապետ Պուտինը, անշուշտ, այս պահին մեր երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է, եւ նրա վարկանիշը որոշ չափով բարձր է»,- ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ այդպես պետք է մտածի երկրի մասին հոգ տանող ցանկացած գործիչ:
Նա ընդգծել է, որ ինքն ու Պուտինը պատկանում են նույն քաղաքական ուժին, ունեն շատ մոտ համոզմունքներ եւ մոտեցումներ ռազմավարական հարցերում: Ըստ նրա` ոմանք սպասում են, որ իրենք ինչ-որ պահի կվիճեն, ու հակամարտություն կսկսվի քաղաքական ասպարեզում, սակայն դա չի լինի:
«Մենք ցանկանում ենք քաղաքական արդյունքի հասնել եւ հաղթել ընտրություններում` դեկտեմբերին` խորհրդարանական, մարտին` նախագահական, այլ ոչ թե բավարարել մեր հավակնությունները: Յուրաքանչյուր պատասխանատու մարդու հավակնությունը` երկրին ծառայելն է, եւ ես պնդում եմ դա»,- հայտարարել է ՌԴ նախագահը: