| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 1-ին Ֆիլադելֆիայի քաղաքային գերեզմանատանը կկանգնեցվի խաչքար` նվիրված ԱՄՆ քաղաքացիական պատրազմին մասնակցած միակ հայի` Խաչատուր Կարապետյանի հիշատակին. գրում է The Washington Times-ը:
Դա հնարավոր է դարձել 10 հազար դոլարի անանուն նվիրատվության եւ ԱՄՆ հայ համայնքի ջանքերի շնորհիվ: Նախաձեռնողը Հայ-ամերիկյան գործողությունների հանձնախմբի ղեկավար Փոլ Սուքիասյանն է, իսկ խաչքարի հեղինակը` 1991 թ. Բաքվի կոտորածներից Ֆիլադելֆիա փախած Լեո Խանյանը:
Խաչքարը պատրաստված է հնդկական սեւ գրանիտից: Խաչի վերին երկու կողմում ԱՄՆ-ի եւ Հայաստանի խորհրդանիշներն են` Ֆիլադելֆիայի Անկախության հրապարակը եւ Էջմիածնի Մայր տաճարը:
Խաչատուր Կարապետյանը ծնվել է Կոստանդնուպոլսի մոտակայքում գտնվող Ռոդոսթո փոքրիկ քաղաքում 1836 թվականին: 1850-ականների վերջին գաղթել է ԱՄՆ եւ այդ երկրի քաղաքացիություն ստացել. աշխատել է որպես ինժեներ-մեքենաշինարար: 1864-ին` 28 տարեկան հասակում, անցել է ծառայության ԱՄՆ ռազմածովային նավատորմում` USS Geranium եւ USS Grand Gulf նավերի վրա: Մահացել է 45 տարեկան հասակում, հավանորեն` տուբերկուլոզից: Թաղված է Ֆիլադելֆիայի Ֆերնվուդ գերեզմանոցում: Զավակներ չի ունեցել: