Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան, ֆիզիկոս Մանե Հակոբյանը մեղադրում է Հայ ազգային կոնգրեսին իր «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման կայուն զարգացման ծրագիրը» գողանալու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գիտնականը նշեց, որ 2009 թվականի աշնանից եղել է ՀԱԿ-ի գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամ, սակայն ՀԱԿ-ի անդամ չի եղել եւ այս ուժի հետ համագործակցել է ընդամենը երեք ամիս:
Նա նշեց, որ ինքն այդ ծրագրի վրա սկսել է աշխատել 1994 թվականից, երբ իրեն դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք առաջարկել են գիտության եւ կրթության փոխնախարար լինել. «Ես մտածեցի, որ իրավունք չունեմ այդ պաշտոնը զբաղեցնելու, քանի որ չունեմ ծրագիր: Եվ սկսեցի գրել այդ ծրագիրը, հրաժարվեցի այդ պաշտոնից»:
Իսկ այժմ, որպես այդ ծրագրի հեղինակներ, նշվում են Հրանտ Բագրատյանը եւ Հարություն Կարապետյանը, այնինչ` Մ. Հակոբյանը պնդում է, թե Բագրատյանն այդ ծրագրում ստորակետի ներդրում անգամ չունի, միակ բանը, որ արել է, իր անունը հեղինակների թվում գրելն է եղել: Սակայն գիտնականը գրագողության մեջ միայն Բագրատյանին ու Կարապետյանին չի մեղադրում, այլ հանձնաժողովի բոլոր անդամներին. «Իմ գործի նկատմամբ կատարված խմբակային խարդախության ղեկավարը, դիրիժորը Լեւոն Զուրաբյանն է: Զուրաբյանը, կրթությամբ լինելով ֆիզիկոս, հասկանում էր էդ ծրագրի մակարդակը»:
Մանե Հակոբյանը նշեց, որ ինքը պատրաստ է այս հարցի շուրջ առերեսվել ՀԱԿ-ի բոլոր անդամների հետ եւ բանավիճել, սակայն վերջիններս պարզապես հրաժարվում են դա անել. «Նրանք վախենում են բանավեճից, հատկապես` Լեւոն Զուրաբյանը` իր միմիկա չունեցող անդեմ դեմքով: Դա ահավոր մի անձնավորություն է»:
Գիտնականը մի հետաքրքիր դրվագ էլ պատմեց Զուրաբյանի պահվածքից. նա իր ձախ կողմում կանգնած կնոջ հետ խոսել է աթոռին գրեթե պառկած եւ ճոճվելով. «Ինքն ինձ ասաց, թե ես Ձեզ վաղուց եմ հետեւում, Ձեզ նման խելոք մարդն ինչո՞ւ պիտի ՀԱԿ-ում լիներ, որտեղի՞ց եք դուք էդքան ժամանակ գտնում: Ասում էր` Դուք իշխանությունների կողմից ներդրված մարդ եք, որպեսզի ՀԱԿ-ը քայքայեք ներսից: ...Դա մի սարսափելի մանկիկ է»:
Գիտնականը բաց նամակով դիմել է վարչապետին եւ պահանջում է պաշտպանել իր հեղինակային իրավունքները: Նա պատրաստվում է նաեւ դիմել դատախազություն եւ Գիտնականների համաշխարհային կազմակերպություն, որի անդամ է ինքը: