Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում Yerkir.am-ի խնդրանքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձել էր Օսկանյանի եւ Զուրաբյանի գաղտնալսված զրույցին եւ կասկած հայտնել, որ դա կարող է արած լինել կողմերից մեկը: Բացի այդ` կրկին ակնարկելով կողմերից մեկին, նշել էր, որ ամենամեծ անբարոյականությունն այն է, որ մարդը բարոյականություն է պահանջում ուրիշից, մինչդեռ ինքն այդպիսին չէ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Yerkir.am-ը խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին գնահատել արդարադատության նախարարի այս ուշագրավ եւ սենսացիոն հայտարարությունը: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դա շատ լավ նշան է:
«Իշխանություններն իրենք էլ հասկացան, որ իրենց սադրանքը լրիվ ուղղվեց իրենց դեմ, այսինքն` իրենց նպատակն այն էր, որ դրանով փորձեն վարկաբեկել ընդդիմությանը, բայց վարկաբեկվեցին իրենք, որովհետեւ հասարակության հիմնական հարցը դարձավ այն, որ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը, պարզվում է, այնքան էլ ապահով չէ կամ ապահով է հատուկ ծառայությունների համար»,- հայտարարեց պատգամավորը:
Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ գաղտնալսումն ապօրինի է: Ըստ Զուրաբյանի` այն Սերժ Սարգսյանի հրամանով կատարել են հատուկ ծառայությունները: «Բայց եթե իշխանությունները դա չեն ընդունում, դրա համար կա մի շատ պարզ ելք` նրանք ուղղակի հետաքննում են, գտնում են նրան, ով դրել է այդ ձայնագրությունը սոցցանցում եւ դրանից հետո պարզում են, թե ով է կատարել այդ գաղտնալսումը: Հավատացեք, որ եթե այդ գաղտնալսումը չեն կատարել հատուկ ծառայությունները, ուրեմն շատ հեշտությամբ կհայտնաբերեն` ով է դա կատարել. բոլոր պոչերը հնարավոր է բռնել եւ այդ հետքերով շարժվել, գտնել մեղավոր անձանց»,-հայտարարեց Զուրաբյանը եւ ընդգծեց, որ իշխանությունները իրենք պետք է հետաքննությունը վերցնեն իրենց ձեռքը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀԱԿ-ում կքննարկեն, եւ եթե իրավապահ մարմիններին պետք է հանցագործության մասին ֆորմալ դիմում, դա էլ կանեն: Զուրաբյանն ընդգծեց, որ իր այս որոշման մասին տեղյակ կպահի Օսկանյանին, բայց հարցը կքննարկի ՀԱԿ-ի ներսում:
Նա վստահեցրեց, որ այս ձայնագրության հետ կապված ՀԱԿ-ում ճեղքվածք չի առաջացել: «ՀԱԿ-ում բոլորը հասկացող մարդիկ են. հսականում են ինչ է նշանակում հատուկ ծառայությունների կողմից այս կեղտոտ սադրանքը»,- հայտարարեց Զուրաբյանը: