կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 13:34
Քաղաքական

Երկխոսությունը շարունակվում է, բայց օպերայի հրապարակում

Երկխոսությունը շարունակվում է, բայց օպերայի հրապարակում

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը, ճիշտ է, առկախվել է, բայց այն չի վերջացել եւ չի ընդհատվել:

Ըստ նրա` ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքները երկխոսության շարունակությունն են, միայն թե այլ վայրում` օպերայի հրապարակում:

«Մենք արդեն մասամբ երկխոսության պտուղներն ենք քաղում, որովհետեւ այս երկխոսության ընթացքում որեւէ ընդհարում չեղավ, նորմալ հանրահավաքներ են լինում, «մարտի 1»-եր չեն լինում: Այլ բան է, որ վերջնական բոլոր հարցերը լուծված չեն»,- նշեց պատգամավորը:

 

Խոսելով ՀԱԿ-ի` արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջի մասին, Զոհրաբյանը շեշտեց, որ այսօր երկրում չկա քաղաքական ու տնտեսական ճգնաժամ, երկիրը փլուզման շեմին չէ, որ մենք, ճիշտ է, լավ վիճակում չենք, բայց դե ամենավատ վիճակում էլ չենք, եւ այլն, եւ այլն:

«Մենք կողմ ենք բոլոր իրենց պահանջներին, բայց ամեն ինչ իր ժամանակին, այսինքն` կգա մայիսը` կլինեն խորհրդարանական ընտրություններ, կգա փետրվարը` կլինի նախագահականը: Բայց արտահերթ ընտրությունների պահանջ ես այսօր չեմ տեսնում: ՀԱԿ-ին էլ կոչ եմ անում, որ երկխոսությանը մասնակցեն. այն փոքր խնդիրները, որ առաջացել են, կարծում եմ` լուծելի են, բայց միայն օրենքի շրջանակներում, իրավական դաշտում»,- ասաց Զոհրաբյանը:

 

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հերթական «վճռորոշ» հանրահավաքին, հանրապետական գործիչը նշեց, որ չգիտի որեւէ մի հանրահավաք, որից առաջ չասեն` այս հանրահավաքը լինելու է «վճռորոշ». «Այդ «վճռորոշ» հանրահավաքների շարքը մենք գիտենք արդեն քանի տարի: Բացի այդ, անընդհատ լսում եմ` ջրբաժան, ջրբաժան, սրացում, բայց չեմ կարող հասկանալ, թե այդ ջրբաժանը ինչ է նշանակում: Ջրբաժան մի անգամ եղավ երեք տարի առաջ` մարտի 1ին, բայց մենք այդ ջրբաժանը նորից կանգնեցրինք, տարանք երկխոսության, եւ երկխոսությունը սկսեց կայանալ, իրար հասկացանք եւ բավականին երկար ժամանակ երկխոսեցինք: Այնպես որ, իհարկե, չեմ բացառում, որ սրացումներ կլինեն, բայց դա երբեք ջրբաժանի չի հասնի, այնպես, ինչպես եղավ մարտի 1-ին»: