կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 10:20
Հասարակություն

"... գործում ունեցած հռչակի համար"

"... գործում ունեցած հռչակի համար"

Սեպտեմբերի 15-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է աշխարհահռչակ ոսկերիչ Ժան Վանդոմին (Օհան Թուդարյան):

Ընդունելության ժամանակ, բնականաբար, արժևորվել է ծագումով հայ ոսկերչի մեծ տաղանդը, նշվել, որ վերջինս մշտապես հիշատակվում է «ֆրանսիական հանրագիտարաններում որպես ժամանակակից ոսկերչական արվեստի հայր», ապա ընդգծվել, որ Ժ. Վանդոմի շնորհիվ ոսկերչության դարավոր արհեստը բարձրացել է արվեստի մակարդակի: Ընդունելությունը տիկին նախարարի մոտ ավարտվել է պարգևատրմամբ: Ժ. Վանդոմը պարգևատրվել է նախարարության պատվոգրով, և զավեշտալին պատվոգրի վրա նախարարության գրառումն է. «Սփյուռքում հայ արվեստը և հայկական մշակույթը ոսկերչական բնագավառում լավագույնս ներկայացնելու գործում ունեցած... մեծ հռչակի համար»:

Մի կողմ թողնենք «... սփյուռքում... բնագավառում... գործում...» ձևակերպման անճարակությունը, մի կողմ թողնենք նաև, որ «ոսկերչական բնագավառի» փոխարեն պիտի լիներ «ոսկերչության բնագավառ», և ուշադրությունը բևեռենք մեջբերման կախման կետերին, որ ամենևին էլ նախարարությանը չէ, այլ մերը, որով զարմանք ու տարակուսանք է արտահայտված, թե ինչպես կարելի է մեկին պարգևատրել «գործում ունեցած... հռչակի համար»: «Ավանդի համար», «ներդրման համար», «ծառայությունների համար»` կհասկանայինք, բայց «հռչակի համար»` չենք հասկանում: Մանավանդ` «գործում ունեցած հռչակի»: Գուցե նախարարության մասնագետնե՞րը լուսավորեին: