կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 17:22
Քաղաքական

ՀՀՇ-ն անցյալի կեղտից մաքրվեց

ՀՀՇ-ն անցյալի կեղտից մաքրվեց

Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա շրջապատի մարդիկ բավական մեծ քաղաքական փորձ ունեն, բայց ՀԱԿ-ի վերջին մոտեցումները եւ ծրագրերը խիստ անորոշ են, անգամ իրենց համար են անհասկանալի: «Ծիծաղելի հարցեր են առաջ քաշում. արտահերթ ընտրություններ են ուզում, երբ հերթական ընտրություններին անգամ լուրջ նախապատրաստվել չեն հասցնի: Խնդիրները, որ դրել է ՀԱԿ-ը, ծիծաղելու աստիճան պրիմիտիվ են: Այդ երկխոսության գաղափարն էլ էր ինձ համար անհասկանալի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

 

- Պարո'ն Սադոյան, վերջին շրջանում շատերը պնդում են, թե ՀԱԿ-ը շփոթվել է իր ցանկությունների, որոշումների, անգամ պահանջների մեջ: Իրո՞ք դա այդպես է:

- Քանի որ ՀԱԿ-ն ասելիք եւ հնարավորություններ չունի, ցույց է տալիս մի բան, որը ծիծաղելու աստիճան պրիմիտիվ է: ՀԱԿ-ն իրականում ոչ թե շփոթվել է, այլ ասելու բան չունի: ՀԱԿ-ն ինչ-ինչ հավակնություններ ունի, իսկ այդ ճանապարհին, քաղաքական մյուս ուժերին սեւացնելուց բացի, այլ քայլեր չի ձեռնարկում: ՀԱԿ-ը հատկապես ծիծաղելի վիճակի մեջ ընկավ երկխոսականի շրջանում. պարզ չէ` կոնստրուկտիվ, թե ոչ կոնստրուկտիվ ինչ տիպի ընդդիմադիրի դեր է ուզում խաղալ: Դեռ 2007-ին ինձ առաջարկեցին միանալ ՀՀՇ-ին, եւ ես ասացի, որ կարող եմ միանալ միայն նրանց հետ, ովքեր ապաշխարում են գործած մեղքերի համար: Եվ եթե Տեր-Պետրոսյանը չի ապաշխարում եւ շարունակում է նույն մեթոդներով, ապա ինչ իմաստ ունի...

 

- Մեզ հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է, որ առաջիկա ընտրությունները լինելու են երկբեւեռ, եւ քաղաքական մյուս ուժերը կանգնելու են կա'մ Տեր-Պետրոսյանի, կա'մ Սերժ Սարգսյանի կողքին...

- Բնական է, եթե քաղաքական գործիչներն ասելիք, գաղափար չունեն, իշխանական պայքարը կռիվն է աթոռի համար, ապա իսկապես ընտրությունների ժամանակ` կա'մ այս կողմ, կա'մ այն: Եթե մեր գիծը չի որդեգրում Տեր-Պետրոսյանը, մենք նրան ինչու պետք է միանանք, եթե, իհարկե,, այո, մեր նպատակն այս կամ այն ձեւով իշխանական կերակրատաշտից կերակրվելու հնարավորություն ձեռք բերելը չէ: Կարծում եմ` ամեն մեկը պետք է գնա իր ճանապարհով, ոչ թե` կա'մ այս կողմ, կա'մ այն:

 

- Պարո'ն Սադոյան, մեր իրականությունն այսօր այն է, որ այս կամ այն կուսակցությունը կամ քաղաքական գործիչը հանուն աթոռի մոռանում են ամեն ինչ:

- Այո, համամիտ եմ, դրա համար էլ նման քաղաքական գործիչներն, իրոք, ընտրության առջեւ կկանգնեն:

 

- Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանում հայտնվելու` ՀԱԿ-ի շանսերը:

- Դեռ 2007թ.-ի հոկտեմբերին ասել եմ, որ ՀՀՇ-ի վերնախավի նպատակը ոչ թե հեղափոխությունն է, այլ ինչ-որ տեղեր շահելը, ես կասեի կիսաաթոռ շահել, դրա համար էլ իրենք պայքարեցին: ՀԱԿ-ի դարդն ու ցավը ոչ թե ինչ-որ գաղափարներ են, այլ անցյալի կեղտերից այս կամ այն կերպ մաքրվելը, որին եւ մեծ հաջողությամբ հասան: Այսօր ՀԱԿ-ի բուն նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, մարդկանց աչքին թոզ փչելով, 10-15 տեղ նվաճելն է:

 

- Եվ կհասնե՞ն իրենց այդ ցանկությանը:

- Կհասնեն, քանի որ քաղաքական դաշտը մեզ մոտ այնքան պրիմիտիվ է, եւ ժողովուրդն այնքան անհավատ է դարձել, որ մարդիկ մտածում են, որ բոլորն էլ մի սանրի կտավ են: ՀԱԿ-ը 10-12 տեղ կշահի, որովհետեւ իսկապես կարողացավ մոլորեցնել մարդկանց եւ անցյալի կեղտից մաքրվել...