Փոխարժեքներ
31 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Քաղաքականության մեջ ոչ մի անհնարին բան չկա. համարում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, սակայն այսօր արտահերթ ընտրությունների համար ո'չ քաղաքական, ո'չ տնտեսական, ո'չ էլ բարոյահոգեբանական որեւէ մթնոլորտ է տեսնում:
«Այլ հարց է, որ ՀԱԿ-ը փորձում է հիմնավորել, որ իշխանությունները լեգիտիմ չեն, եւ հիմնական ակցենտը դնում է իշխանությունների ձեւավորման օրինականության գործընթացների վրա»,- այսօրվա ասուլիսում նշեց Խ. Հարությունյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը փորձում է հանրության ուշադրությունը սեւեռել կարեւորագույն խնդիրների վրա, եւ շատ կարեւոր է, որ իշխանությունը ոչ թե փորձում է դրանք մի կողմ հրել, այլ նույնչափ պատասխանատվությամբ է արձագանքում այդ հարցադրումներին:
«Այն, որ ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների անցկացումը հիմնավորելու համար ներկայացրել է ոչ թե երկու, այլ 85 էջանոց փաստաթուղթ, եւ այն, որ իշխանությունը նույն պատասխանատվությամբ է առաջնորդվել` ներկայացնելով 130 էջանոց փաստաթուղթ, խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ շատ լուրջ են վերաբերվում այդ երկխոսությանը»,- ասաց նախկին վարչապետը:
Հարցին` արդյո՞ք ՀԱԿ-ը չի գիտակցում դա, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ, անկասկած, միամիտ կլինի ենթադրել, որ ՀԱԿ-ում չեն վերլուծում իրական վիճակը. «Բայց չէ՞ որ ՀԱԿ-ը սեփական դեմքը պահելու խնդիր ունի, չէ՞ որ ներքաղաքական իրավիճակում նա առանձնացավ մնացած ընդդիմադիր ուժերից մի բանով, որ պահանջեց հենց այս պահին իշխանութան հեռացում: Իսկ այդ կարգախոսից հրաժարվելու համար պետք է շատ հիմնավոր պատճառներ ունենալ»:
«Եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցե՞ք» հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այդ պարագայում շատ ու շատ ազդեցիկ կուսակցություններ կհայտնվեն անհարմար վիճակում` մասնակցելու առումով, բայց նման հնարավորություն ինքը չի տեսնում, առավել եւս, երբ ընտրություններին մնացել է մեկ տարուց ավելի քիչ ժամանակ:
Փոխարենը, իր խոսքով, «համեստ կարողությունների տեր այս կուասկցությունը» մտադիր է մասնակցել հերթական ընտրություններին: «Ի՞նչ միջոցներով»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Ես որ ասում եմ` համեստ, մի քիչ համեստ եմ արտահայտվում. մեր հնարավորությունն ավելին է, քան շատ ու շատ ուրիշ կուսակցություններինը, եւ մենք մասնակցության ինչ-որ մի ձեւ, անկասկած, կգտնենք: Դիտորդի կարգավիճակում չենք լինի հաստատ, իսկ թե ինչպիսին կլինի այդ մասնակցությունը, հետագա զարգացումները ցույց կտան»,- պարզաբանեց կուսակցապետը: