Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խաղերի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե, մրցենք, բայց նաև նոր ծանոթներ, նոր ընկերներ ձեռք բերենք: Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնակավայրերում` մենք ունենք մեկ հզոր ընդհանրություն՝ մենք բոլորս հայ ենք»:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է այն փաստից, որ շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել, որպեսզի համահայկական հաջորդ խաղերն անցկացվեն ոչ թե չորս տարի հետո, այլ ավելի շուտ և ասել. «Բոլորիդ բարի ճանապարհ եմ մաղթում, ցանկանում եմ, որպեսզի ձեզ հետ տանեք հայրենիքի ջերմությունից մի պատառ և մինչև հաջորդ անգամ Հայաստան գալն այս օրերի հիշողությունները պահպանեք: Ու միշտ վստահ եղեք, որ ձեզնից յուրաքանչյուրը մեզ համար ցանկալի անձ է: Ցանկանում եմ նաև, որ դուք Հայաստան գաք ոչ միայն Համահայկական խաղերի առիթով, այլ ցանկացած հնարավորություն օգտագործեք դա անելու»:
Միջոցառման ընթացքում հանրապետության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակները՝ հինգ տարբեր անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին արժանացել է Բուենոս Այրեսը (Արգենտինա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Ուրմիան (Իրան), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Չալդիրին (ՌԴ), «Համահայկական 5-րդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Սասունի պատվիրակությունը, «Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Քրիստինե Նաջարյանը (Երուսաղեմ):