կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 12:14
Հասարակություն

Սպիտակի երկրաշարժն էլ չի կրկնվի

Սպիտակի երկրաշարժն էլ չի կրկնվի

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Օքսֆամ» միջազգային բրիտանական կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ իրականացրել են ծրագիր` ուղղված Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

«Օքսֆամ»-ն աշխատում է աշխարհի ավելի քան 120 երկրում, առաքելությունն է`աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում: Կազմակերպությունն ունի 2 մանդատ` հումանիտար եւ երկարատեւ զարգացման ծրագրերի իրականացում: Այն Հայաստանում է 1994թ.` իր գործունեությունն է իրականացրել 6 մարզերի 165 գյուղական համայնքներում:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Եվրահանձնաժողովը, որպես թիրախ, ընտրել է 4 մարզ` Շիրակ, Արագածոտն, Վայոց ձոր եւ Գեղարքունիք: Պետական վիճակագրական ծառայության տվյալներով` 2003-07թթ. տեղի ունեցած բնական աղետների 60 տոկոսը բաժին է ընկնում այս 4 մարզերին, ինչի պատճառով էլ ընտրությունը կանգ է առել հենց այս մարզերի վրա:

Կարմիր խաչն իր գործունեությունն է ծավալել Շիրակի մարզում, քանի որ մարզում ամեն տարի մոտ 18 ստորգետնյա ցնցումներ են գրանցվում` մինչեւ 4-5 բալ ուժգնության, ինչպես նաեւ կա ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության վտանգ:

«Վերջին տարիներին չնչին աղետներ են լինում, որոնք մարդկային կյանքին վտանգ չեն սպառնում, բայց նյութական զգալի կորուստներ են առաջացնում: Փորձել ենք առանձնացրել այն մարզերը, որոնք վերջին տարիներին ամենաշատ կորուստներն են կրել, եւ, տեղում ստեղծելով արհեստական աղետների իրավիճակ, փորձել ենք ցույց տալ, թե ինչ է անհրաժեշտ անել»,- ասաց Է.Ազարյանը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսն էլ ասաց, որ տագնապալի է հնչում, երբ ասում են, որ երեխաներին պատրաստում են աղետների դիմակայմանը: «Սակայն ինչ արած, Հարավային Կովկասը սեյմսիկ առումով բավական խոցելի է, եւ անհրաժեշտ է մարդկանց նախապատրաստել եւ տալ տեղեկատվություն»,- ասաց նա:

Նշենք, որ Եվրամիությունը 1996թ.-ից իրականացնում է նման ծրագրեր, եւ այս անգամ շուրջ 2 մլն եվրո է տրամադրել: