Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք չկա. «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի հետ այսօրվա բանավեճի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, արդյոք, որ երկխոսության օրակարգում տեղ գտնի արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:
«Արտահերթ ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն, որ մի օր քնենք արթնանանք ու ասենք` արտահերթ ընտրություններ ենք անցկացնում»,- ասաց նա:
Կարինե Հակոբյանն էլ, դիմելով Սահակյանին, վրդովված նշեց, որ երկիրը մեր աչքի առաջ ձեռքից գնում է, իսկ իրենք արհեստական խնդիր են դրել ու փորձում են շեղել հասարակության ուշադրությունը: «Հո մանկապարտե՞զ չի` նստեն, խոսեն, զրուցեն, բանակցեն, երկխոսեն: Դա բարդ համակարգ է, որը մեզ մոտ ձեւավորված չէ. աջ ձեռքը չգիտի` ձախ ձեռքն ինչ է անում»,- եզրակացրեց նա:
«Այդ մանկապարտեզ բառը դուք անընդհատ շեշտեցիք, եթե դուք դիմեք, մենք ձեզ էլ կընդունենք այդ մանկապարտեզը»,- ի պատասխան հնչեցրեց հանրապետական գործիչը:
«Մենք երբեք չենք դիմի, որովհետեւ մենք լրիվ ուրիշ խնդիրներ ունենք, դուք չեք կարողանում անգամ դա հասկանալ»,- վրա բերեց Հակոբյանը` նշելով, որ իրենք տարբեր լեզուներով են խոսում եւ անհնար է միմյանց հասկանալը:
Բանավեճն, ի վերջո, այնքան թեժացավ, որ Հովհաննես Սահակյանը, դիմելով տիկին Հակոբյանին, ստիպված եղավ ասել, որ վերջինս իր «կնամեծար լինելու տղամարդկային հատկանիշը մի փոքր քիչ չարաշահի»:
Իրավիճակը փորձեցին հարթել լրագրողները: Թեման փոխելով` նրանցից մեկը «Ժառանգության» քարտուղարից հետաքրքրվեց` եթե երկխոսության կլոր սեղանին հրավիրեն «Ժառանգությանը», վերջինս կընդունի՞ հրավերը: Կարինե Հակոբյանի երկար-բարակ պատասխանից պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» կմերժի այդ առաջարկը: Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ իրենք բաց են առողջ քննարկումների համար, եւ դա սոսկ դեկլարատիվ բնույթի քաղաքական հայտարարություն չէ: