Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 12:51
Աշխարհ

ԵՄ-ն կոչ է անում` մինչեւ տարեվերջ համաձայնության գալ

ԵՄ-ն կոչ է անում` մինչեւ տարեվերջ համաձայնության գալ

Երեկ երեկոյան Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրադրությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ռազմավարական առումով Եվրամիության գերակա շահերից մեկն է. տեղեկացնում է «Երկիր Մեդիան»:

Նա ափսոսանք է հայտնել, որ Կազանի հանդիպումն ավարտվել է առաց շոշափելի ձեռքբերումների՝ չնայած Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների նախագահների դովիլյան հայտարարությանը, որում վերջիններս հստակ ընդգծել էին, որ հակամարտությանը լուծում տալու ժամանակն է, հակառակ դեպքում` կասկածի տակ կառնվի գործընթացը խաղաղ ճանապարհով ավարտին հասցնելու` կողմերի պատրաստակամությունը։

Էշթոնը հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չօգտագործեցին համաձայնության հասնելու հնարավորությունը, սակայն նաեւ ողջունել է, որ կողմերը դարձյալ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու դիվանագիտական գործընթացը եւ խաղաղ կարգավորման ջանքերը: Նա ընդգծել է, որ Եվրամիությունն ավելին է սպասում Հայաստանից ու Ադրբեջանից եւ կոչ է արել` մինչեւ այս տարվա վերջ համաձայնության գալ:

Եվրոպացի դիվանագետն ուշագրավ հայտարություն է արել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ։ Քեթրին Էշթոնի հայտարարությունը մեջբերում ենք բառացի. «Հակամարտության կարգավորման դեպքում կբացվեն սահմանները ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ»։