Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը և ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում:
«Երբ է իրականացվելու և ինչպես, որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին՝ համաձայնության գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որևէ բան չի որոշում»,- ասաց Ամատունին:
Նրա խոսքով` որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ:
«Հոկտեմբերից սկսած, համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով, մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց. դրանց մեջ են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ: Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետևում, սակայն այդ անձինք ե՞րբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը և իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը՝ կապված այդ համաձայնության հետ: Մենք օգնում ենք այդ համաձայնությանը՝ միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասաց Ամատունին: