կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 11:31
Մշակույթ

Հայ երաժշտին վիրավորել են (տեսանյութ)

Հայ երաժշտին վիրավորել են (տեսանյութ)

«Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում մեզ մատուցված այս տաղանդը, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»,- այսպես է արտահայտվել Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի փորձի ժամանակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին նվագակցող Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորենշտեյնը` դիմելով նվագախմբին:

Այս արտահայտությունը վատ է ընդունվել փորձին ներկա լրագրողների կողմից, որոնց շնորհիվ այս պատմությունը հասարակական արձագանք է ստացել: Բացի այդ, այդ պահին փորձը ձայնագրվել եւ ուղիղ եթերով հեռարձակվել է աշխարհով մեկ:

Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն վիրավորական է համարել Մարկ Գորենշտեյնի արտահայտությունները եւ հայտարարություն է տարածել:

«Մենք կարծում ենք, որ մարդու արժանապատվությունը նսեմացնող բառերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ձևավորման համար մենք մեծ ջանքեր ենք գործադրում: Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցություն ցուցաբերել երիտասարդ երաժիշտներին, ու դա մրցույթի կազմակերպիչներից ու մասնակիցներից յուրաքանչյուրին պարտավորեցնում է անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Երաժշտական շրջանակներում կարծիք է տարածված, թե Գորենշտեյնն ամեն կերպ ցանկացել է խոչընդոտել Հախնազարյանի` մրցույթի եզրափակիչ փուլում հանդես գալուն: Ինքը` Գորենշտեյնը, միջադեպից հետո ներողություն է խնդրել իր արարքի համար:

«Կցանկանայի ներկայացնել իմ տեսակետը տեղի ունեցածի կապակցությամբ: Նախ` դա եղել է խոսակցություն կոլեկտիվի ներսում: Երկրորդ` ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ ցանկացել որեւէ ազգայնական երանգ հաղորդել խոսքիս, քանի որ դա խորթ է թե' իմ էությանը, թե' մեր կոլեկտիվին: Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար եւ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, որոնց իմ խոսքերը կարող էին խոցել»,- ИТАР-ТАСС-ին ասել է Գորենշտեյնը:

Նարեկ Հախնազարյանն, իր հերթին, նշել է, որ ընդունել է ներողությունը եւ հիմա մտածում է միայն մրցույթի մասին: