կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-05 01:33
Սպորտ

Հաղթանակի սպասումով

Հաղթանակի սպասումով

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կկայանա  Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան պատասխան հանդիպումը: Այս անգամ հոգեբանական առավելությունը մրցակցի կողմն է. հայրենի «պատերը» մեզ չեն օգնի:

FAF-ի` հայկական առաջին ճակատի,  ավտոբուսով կազմակերպած ուղևորությունը Պետերբուրգ ձախողվեց, սակայն, այնուամենայնիվ, երկրպագուների մի մասը ինքնաթիռով մեկնեց` աջակցելու մեր ընտրանուն: Բոլոր հայ երկրպագուներին, ովքեր ներկա են գտնվելու «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք խաղին, հայկական առաջին ճակատը հրավիրում է խաղից առաջ հավաքվել Ժդանովսկի կամրջի և Դոբրոլյուբովի պողոտայի հատման անկյունում` ժամը 17:00-ից սկսած:

Ֆուտբոլասերները նշված վայրում հնարավորություն կունենան ձեռք բերել ֆան-ատրիբուտներ և  ծանոթանալ FAF-ի երգերին ու վանկարկումներին: Այնուհետև,  միասնաբար մուտք կգործեն մարզադաշտ և կազմակերպված կաջակցեն մեր հավաքականին:

Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչ Սամվել Սարուխանյանն ասել է, որ իրենց հատկացրել են ընդամենը 30 տոմս, իսկ Մոսկվայից հանդիպումը դիտելու կժամանեն շուրջ 600 հայեր:

Ըստ ռուսական Life Sports-ի` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուսաստանի ընտրանուն հաղթելու դիմաց հավաքականի անդամներին խոստացել է  40.000-ական  դոլար, իսկ ոչ ոքիի դեպքում` 10.000-ական: Սակայն, ինչպես իր վերջին մամուլի ասուլիսում ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինքն անցած ոչ ոքիից հետո չէր էլ ուզում պարգևատրել, բայց, այնուամենայնիվ,  պարգևատրեց, իսկ պարգևավճարի չափը գաղտնի մնաց:

«Դիկ Ադվոկատի սաների դեմ խաղը մեզ համար շատ կարևոր է: Եթե կարողանանք հաղթել, ապա պարգևավճարը սովորականից շատ ավելի բարձր կլինի: Սակայն ես հուսով եմ, որ մեր տղաները խաղի ընթացքում գումարի մասին չեն մտածի: Ամենակարևորը` դիտարժան և ուշագրավ պայքար լինի: Թող հաղթի ուժեղագույնը»,- ասել է ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը:

Մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն էլ լրագրողի հետ զրույցում ասել է. «Իհարկե, հաղթանակի սպասումով ենք եկել: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ: Կարծում եմ, որ Պետերբուրգում ավելի հեշտ կլինի, քան Երևանում, քանի որ այն ժամանակ մեր երկրպագուները ստիպում էին առաջ գնալ, իսկ հիմա Ռուսաստանի հավաքականն է լարված գործելու, քանի որ խաղում է սեփական հարկի տակ, և մենք կարող ենք մրցակցին բռնացնել հակագրոհի ժամանակ»:

Մեր ընտրանու մրցակից հավաքականները` Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, 10-ական միավորով գլխավորում են B խումբը: Չնայած մեկնարկում կրած անհաջողություններին` Հայաստանը 8 միավորով խմբում չորրորդ տեղում է` առաջատարներից հետ մնալով 2 միավորով:

Մի քանի ժամից ` 20:00-ին, հուսով ենք` ականատես կլինենք լարված և անզիջում պայքարի, որի վերջին ակորդը կլինի Հայաստանի հավաքականի հաղթանակը:

 «Երկիր»-ի մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ