Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադառնանք մի անախորժ պատահարի, որին ականատես եղանք այս շաբաթ:
Վերջին շրջանում Արկադի Անդրեասյանը`«Արարատ» ակումբի փոխնախագահը, հայտնվել է երկու սկանդալային պատմությունների էպիկենտրոնում։ Նախ` պարզվել էր, որ նա չափազանց վատ պայմաններ էր ստեղծել բելառուս դարպասապահ Պետուխովի համար, ապա «Հրազդան» մարզադաշտում «Արարատի» փոխնախագահն իրեն ուղեկցող անձանց հետ ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:
Սկսենք նրանից, թե ինչու չէր կարող լրագրողը լուսանկարել հասարակության համար հայտնի սուբյեկտին:
«Արարատ-73»-ի հայտնի ֆուտբոլիստ և Երևանի «Արարատի» փոխնախագահ...Ինչո՞ւ չէր կարող լրագրողը նրան լուսանկարել և, վերջապես, այդ որտե՞ղ է գրված, որ որևէ մեկը կարող է խոչընդոտել լրագրողի գործունեությանը կամ տեղեկատվություն ստանալու իրավունքին: Եթե Հայրապետյանը հայհոյել էր «Հետքի» լրագրողին, ապա Անդրեասյանը երկար բարակ չէր մտածել մտքերը շարադրելու ուղղությամբ կամ գոնե Ռուբեն Հայրապետյանի նման ասել, որ պատճառ ունի չպատասխանելու համար:
Համաշխարհային ֆուտբոլում էլ նման էքսցենտրիկ պահվածքը բացառված չէ, և մենք բազմիցս ականատես ենք եղել հայհոյանքների տարափի և ծեծկռտուքի տեսարանների, սակայն պատիժը չի ուշացել. տուգանվել է թե' տվյալ անձը, թե' նրա ակումբը:
Անդրադառնալով Արկադի Անդրեասյանի հետ կապված միջադեպին` Ռ. Հայրապետյանն ասաց, որ ֆեդերացիան դեռ որոշում չի կայացրել, և կոմիտեի նիստ չի գումարվել:
Հիշեցնենք, որ դեպքը մի շաբաթվա վաղեմություն ունի: Անպատժելիության մթնոլորտն ակնհայտ կերպով սպորտ է ներխուժել: Հուսով ենք, որ ՀՖՖ նախագահն Անդրեասյանին խստագույնս կպատժի և թույլ չի տա, որ ակումբը շարունակի ճահճի վերածել, որը կուլ է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին:
Բայց ինչպե՞ս պատժեն, երբ իրենք են դարձել անպատժելի: Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Նախ քո աչքի գերանը հանի, փորանակ եղբորդ աչքի շյուղը տեսնես»: Ռուբեն Հայրապետյանը պետք է փորձի ավելի հանդուրժող լինել լրագրողների նկատմամբ, լրագրողներն էլ, իրենց հերթին, պետք է փորձեն նորմալ կոնտակտի մեջ մտնել հասարակական անձանց հետ: Թե չէ հայհոյել բոլորն էլ կարող են, դատի տալ` նույնպես:
Շաբաթվա վերջին մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց լրագրողից` վերջինիս հարցման պատասխանն ուշացնելու համար և առաջարկեց... այդ առիթով դատի տալ: Ի՞նչ կլինի նման երկկողմանի խզված հարաբերությունների պարագայում: Մեկը թող չպատասխանի, մյուսը դատի տա, արդյունքում` միայն դատարանները կհարստանան: Թող մեր հասարակական անձինք չխուսափեն տեղեկատվություն տրամադրելուց, խուսափելու դեպքում էլ դա չանեն ծեծի կամ հայհոյանքների ձևով: Դրսում 21-րդ դարն է, սակայն թվում է` դեռ պալեոլիթի դարաշրջանում ենք, որտեղ դեռ չկա խոսքի կուլտուրա:
Հանդուրժողական է պետք լինել և ավելի դիվանագետ, հատկապես` եթե հասարակական անձինք եք: Լրագրողների հետքրքրասիրությունը ձեր անձերի նկատմամբ զուտ դրանով է պայմանավորված:
Անի Մեջլումյան