կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 12:21
Քաղաքական

Սովորենք ցանկացած տեղեկություն օգտագործել մեր շահերի համար. Թևան Պողոսյան

Սովորենք ցանկացած տեղեկություն օգտագործել մեր շահերի համար. Թևան Պողոսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շատ ուրախ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայից տեսահաղորդակցման եղանակով կարճ հաշվետվություն ներկայացրեց հանրությանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցով ՌԴ մեկնելուն, նա ասաց. «Վարչապետ Փաշինյանն ասաց, որ դրական հանդիպումներ են եղել, կա նաև դրական աուրա Պուտինի հետ անձնական շփումների դաշտում. Պուտինը բաց է խոսում, և ուրախ է, որ ինքն էլ է բաց խոսում, և սա կտա հնարավորություն բոլոր խնդիրները բարձրաձայնելու և ինչ-որ չափով լուծելու»Լ

Պողոսյանի խոսքով` հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Պեսկովը հայտարարել էր. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի ծրագրվում, քանի որ ՀՀ նախագահը չի մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը»:

«Կմաղթեմ, որ մեր մամուլը և հանրությունը փորձեն նաև նոր մշակույթով օգտագործել տեղեկությունը, որովհետև այս առաջին խնդիրները որ եղան, այստեղ մի մասը սկսեց ներքին խնդիր ման գալ այս կամ այն անձի միջև, մյուս մասն էլ ասաց` այ, տեսա՞ք, էլի ռուսաները սկսել են ինչ-որ բան անել: Ես այլ մոտեցում ունեմ այստեղ, ցանկացած տեղեկություն պետք է կարողանանք օգտագործել` մեր շահերից ելնելով, մեր նպատակները առաջ տանելու համար»,- նշեց Պողոսյանը:

Նա պարզաբանեց. «Եթե հարցը այդպիսին է եղել, և պատասխանն այդպիսին է եղել, ապա դա ես ընկալում եմ ինչպես Պեսկովի հայտարարությունը աշխարհին, որ Ալիևը պատրաստ չէ բանակցություններին, չի ցանկանում հանդիպել և բանակցել, ինչը որ մեկ անգամ ևս շեշտում է,  որ Ադրբեջանը Արցախյան հիմնախնդրի լուծումը պատկերացնում է միայն ու միայն ռազմական միջոցներով, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան»:

Պողոսյանն ընդգծեց, որ, հետևելով այդ հայտարարության հետ կապված գործընթացին, պարզվեց, որ հարցը մի քիչ այլ ձևով էր տրված, մարդն այլ ձևով է պատասխանել: «Եկեք սովորենք ցանկացած տեղեկություն օգտագործել մեր շահերի համար»,- հորդորեց նա: