կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-13 05:33
Մշակույթ

Ովքեր են մեզ փոխարինելու

Ովքեր են մեզ փոխարինելու

Արդեն չորրորդ անգամ անցկացվում է Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանը. այս տարի եւս գիտաժողովը հանգրվանել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտում:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը նշեց, որ գիտաժողովը համարում է այսօրվա գրականագիտական երիտասարդ  ուժերի յուրահատուկ ստուգատես:

«Գերմանական Համբուրգ քաղաքի անվամբ «Համբուրգսկի սչյոտ» ասացվածք կա, ըստ որի` տարին մեկ անգամ հավաքվում էին բոքսյորները եւ որոշում, թե ով է իրենց մեջ ավելի ուժեղ: Մենք էլ ուզում ենք մեր համքարության մեջ իմանալ, թե վաղվա մեր օրը ովքեր են լինելու, ովքեր են մեզ փոխարինելու»,- ասաց Իսահակյանը:

Վերջինս հավաստիացրեց, որ նախորդ գիտաժողովի ընթացքում լսելով Արմեն Ավանեսյանի եւ Վահրամ Դանիելյանի զեկույցը` հաջորդ օրը նրանց աշխատանքի է ընդունել Գրականության ինստիտուտում:

Հարցին, թե ինչ՞ու զեկույցներն այնքան էլ հարուստ չէին վերլուծությամբ եւ քննադատական մոտեցմամբ, Իսահակյանը պատասխանեց, որ, իսկապես, ելույթներն ավելի շատ պատմողական բնույթ էին կրում, եւ կարծես դիսերտացիայից հատվածներ էին: «Չնայած մենք հակված ենք տեսնել պրպտուն միտք եւ սեփական խոսք»,- ասաց նա:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ինքը խրախուսում է նմանատիպ միջոցառումները եւ պարտադիր մասնակցում է դրանց, քանի որ յուրաքանչյուր գիտաժողով առիթ է կիսատ թողած գործը վերջացնելու կամ մի նոր գործ սկսելու համար:

«Ես գիտաժողովն ընկալում եմ որպես գործ անելու առիթ»,- ասաց նա, սակայն նույնպես նկատեց, որ խիզախումի իսպառ բացակայություն կար:

«Մեր երիտասարդ գիտնականները միշտ գնում են տրորված ուղիով, այսինքն` տվյալ պահին գիտությամբ զբաղվելը պարզապես թեկնածուական պաշտպանելու առիթ է: Ամենաշատը, որ ես գնահատում եմ գրականագետի մեջ, գիտական սխրանքն է, որը կարող է նաեւ վատ հետեւանքներ ունենալ, բայց գիտության զարգացումը միայն այդ կերպ է ընթանում»,- նշեց Ա. Նիկողոսյանը:

Նա գիտնականներին բաժանում է 2 խմբի` գիտնականներ, ովքեր իրենց գործի նվիրյալներն են եւ զբաղվում են իսկական գիտությամբ, եւ պարզապես թեկնածուապաշտներ, որոնց նպատակը միայն թեկնածուականը պաշտպանելն է` ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու, ապացուցելու համար: