Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրապարակվել է այս տարվա առաջին երկու ամիսների պետական բյուջեի կատարողականը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանն ասաց, որ այս ոլորտում ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն:
«Մենք ունենք եռամսյակի համար նախատեսված բյուջեի մուտքային մասի 2/3-ի կատարողական, մոտ` 63 տոկոս, եւ դա ավելի քան նորմալ կարելի է համարել, քանի որ միշտ առաջին եւ երկրորդ ամսվա ընթացքում մուտքերի ցուցանիշներն ավելի ցածր են լինում, քան երրորդ ամսում»,- ասաց նա:
Հրապարակվել են նաեւ այս տարվա երեք ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, ըստ Գ. Մինասյանի, ե'ւ ուրախացնող են, ե'ւ մտահոգիչ:
Ուրախացնողն այն է, որ արտահանման ցուցանիշը, նախորդ տարվա այս ամսիների համեմատությամբ, ավելացել է 33 տոկոսով, իսկ ներմուծմանը` 7 տոկոսով:
«Սա իսկապես կարեւոր ցուցանիշ է, քանի որ, հայտնի է` մեզ մոտ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը եղել է բացասական»,- նշեց Գ. Մինասյանը` հավելելով, որ եթե այս տեմպերը շարունակական լինեն, ապա որոշ ժամանակ անց արտահանում-ներմուծում հարաբերակցությունը համադրելի կլինեն:
Արտահանման աճի տեմպերը, ըստ պատգամավորի, խոսում են նաեւ այն մասին, որ մեր արտադրած ապրանքները մրցունակ են արտասահմանյանի հետ:
Մտահոգիչ է գնաճի ցուցանիշը, որը այս տարվա երեք ամիսների ընթացքում եղել է 5.2 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտից մինչեւ այս տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում` 11.2 տոկոս: Գ. Մինասյանը նշեց, որ այս առումով լուրջ մարտահրավեր կա. պետք է գնաճի տեմպերը զսպել, որպեսզի այն չգերազանցի պետբյուջեի կողմից սահմանված 5.5 տոկոսը: