Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքը առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոններում` Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի: ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը, ըստ կանոնակարգ-օրենքի, պետք է տրվի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված թեկնածուին: Երրորդ փոխնախագահի պաշտոնի համար ԱԺ անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Թեկնածու է առաջադրելու նաև մյուս ընդդիմադիր` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից ո՞ր ուժինը պետք է լինի, պատասխանել էր. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:
Այսօր` ԱԺ 7-րդ գումարման նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից առաջ, դեռևս չիմանալով նրա կարծիքը, ինքը և Ալեն Սիմոնյանը նույնպես նմանատիպ կարծիք են հայտնել:
«Դա տրամաբանական է, որովհետև այստեղ մենք ոչ թե անձերի ընտրություն ենք կատարում, այլ քաղաքական և տրամաբանական է, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը ստանա այն քաղաքական ուժը, որն ավելի շատ ձայն է ստացել քաղաքացիներից»,- ասաց Նազարյանը մեզ հետ զրույցում:
Իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ իրենք իրավունք չունեն խախտելու ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը և խառնվելու ընդդիմության գործերի մեջ ու իրենց քվեարկությամբ որոշել` որն է սիրելի ընդդիմություն: «Մենք պետք է քվեարկենք նրա օգտին, ով ամենախոշոր ֆրակցիայի ներկայացուցիչն է»,- ասաց Միրզոյանը:
«Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդտեղ որևէ տրամաբանություն չի տեսնում: «Որևէ օրենքում կամ որևէ տեղ որևէ կերպ ֆիքսված չէ, որ պետք է ամենաշատ ձայներ ստացած խմբակցությունից լինի երրորդ փոխնախագահը: Ֆիքսված է, որ ընդդիմադիր պատգամավոր կարող է ընտրվել այդ պաշտոնում. փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն ԱԺ-ում ընտրում են»,- ասաց նա:
Մեր հարցին` իր կարծիքով` այս հայտարարություններն ի՞նչ են նշանակում, Գորգիսյանը պատասխանեց. «Դա ուղղակի ինչ-որ քաղաքական պայմանավորվածության արդարացում է, ուրիշ ոչինչ: Դա քաղաքական որոշում է: Եթե այդպես են տրամադրված, ենթադրաբար այդպես կլինի` ԲՀԿ-ից կընտրվի: Բայց մենք առաջադրելու ենք մեր թեկնածուին: Թող փորձեն ընտրել լավագույնին»:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ով կլինի ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուն: Կուսակցությունից չեն շտապում անուն տալ, նշվում է, թե քննարկումներ են տեղի ունենում այս հարցով, սակայն մամուլում շրջանառվում է խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի անունը: