«Սումգայիթի ոճրագործությունն այն հանցագործություններից է, որը վաղեմության ժամկետ չունի, եւ վաղ թե ուշ Ադրբեջանի իշխանությունները պետք է կանգնեն այդ նույն դատի ու դատաստանի առաջ, որովհետեւ ոճրագործությունից անմիջապես հետո աշխարհաքաղաքական իրավիճակը կարծես թե նրանց թույլ տվեց խուսափել պատասխանատվությունից։ Ինչքան էլ ժամանակ անցնի, միեւնույն է, Սումգայիթը մնում է որպես չսպիացող վերք, եւ մինչեւ ապաշխարանք չլինի, այն լինելու է մի մեծ խարան Ադրբեջանի ե'ւ երեկվա, ե'ւ այսօրվա իշխանությունների համար»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ այցելել էր հուշահամալիր։
Վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել հազարավոր արցախցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։