կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-01 05:28
Քաղաքական

ՀՀ խորհրդարանը` երկպալատանի՞/Լրացված/

ՀՀ խորհրդարանը` երկպալատանի՞/Լրացված/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռելով Սփյուռքի ներկայացուցիչներին ընդգրկվելու խորհրդարանի վերին պալատի կազմում:

 

Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահը, քննարկելով խնդիրը, առաջարկել է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ կատարել, որոնք հնարավորություն կտան սփյուռքահայերին մասնակցելու պետական կառավարմանը: «Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ցանկանում ենք մեր պառլամենտը դարձնել երկպալատանի` ներքին պալատ եւ վերին պալատ: Վերին պալատը սենատն է, որում պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր»,- ասել է նախարարը:

 

Ի պատասխան ԵՐԿԻՐ-ի` Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը պարզաբանելու  խնդրանքին` ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը ասաց.  «Դեռ 2010թ. մայիսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան – Սփյուռք  կապերի ընդլայնման ուղիների մասին եւ խորհրդի անդամներին առաջարկվել էր մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ:

Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման:

Միեւնույն ժամանակ ,հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է եւ նախատեսում է բարդ ու երկարատեւ ընթացակարգ:  Նման որոշում կայացնելու համար, բնականաբար, պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»: