Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի քաղաքապետարանի մոտ առավոտյան ժամը 11-ին կրկին հավաքվել էին փողոցային առեւտուրն արգելելու մասին օրենքից դժգոհ առեւտրականները: Այստեղից ոստիկանները ցուցարարներին հեռացրեցին` պատճառաբանությամբ, թե նրանց հարցերն արդեն իսկ ստացել են պատասխան, բացի այս, այսօր աշխատանքային օր չէ: Ցուցարարները տեղափոխվեցին դիմացի այգու մերձակայք: Այստեղից եւս ոստիկանները պահանջեցին հեռանալ: Ոստիկանական ռադիոցանցից լսվում էր հրամանը`«Շուտ ցրե’ք դրանց»: Հրամանն ընդունած ոստիկաններին, սակայն, դա չհաջողվեց. ցուցարաները սպասում էին իրենց շարքերը համալրելուն: Այդ պահին այգու մերձակայքում հայտնվեց ոստիկանության ավտոմեքենա, այնտեղից դուրս պրծավ Ոստիկանության ՊՊԾ վարչության պետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, եւ հարձակվեց ցուցարարների վրա: Նա պահանջում էր հեռանալ տարածքից ու ցրվել: Երբ խաղաղ ցուցարարները հրաժարվեցին, Ռ.Մելքոնյանը սկսեց քաշքշել մի քանի առեւտրականի, գոռոգոռալ ու սպառնալ. «Ցրվե’ք, թե չէ գլուխներդ կջարդեմ, էստեղ մարդ չմնա»: Ներկա լրագրողներից մեկը փորձեց իմանալ, թե ինչու է մարդկանց հետ այդ պես վարվում, ի պատասխան` Բազազն այս անգամ հարձակվեց լրագրողի վրա. «Սուտ եք խոսում, շանտաժ եք անում, ես ոչ ոքի չհրեցի»։ Վայրկյաններ անց, նույն Բազազը, հավանաբար ցուցարաներին վախեցնելու համար, հրահանգեց. «Զորք հանե’ք» ու հեռացավ: Վախեցած ու խուճապի մատնված ցուցարաներն այս անգամ մտան այգի: Այդ ընթացքում ցուցարարների նոր խումբ հավաքվեց քաղաքապետարանի դիմացի մայթին` այգու սկզբի հատվածում: Ցուցարարների երկու խմբերը շրջապատված էին ոստիկաններով եւ չէին կարողանում մոտենալ միմյանց: Առեւտրականները հայտարարեցին, թե ցրվում են, բայց որոշեցին ոստիկանների հսկողությունից խուսափել ու գնալ նախագահական նստավայրի մոտ` շարունակելու իրենց բողոքը:
Ճանապարհին ոստիկանների մեքենաները հետեւում էին նրանց եւ արդեն Սարյան փողոցում կանգնեցին, փորձեցին համոզել ցուցարարներին` ցրվել. «Մենք չենք ասում ցույց մի արեք, ասում ենք այսօր իզուր է ձեր հավաքվելը, աշխատանքային օր չէ, Սահակաշվիլին էլ գալու է Հայաստան, ուզում եք խայտառակվե՞նք»: Հետո մի ուրիշ ոստիկան էլ ցույց անելու փոխարեն մարդկանց կոչ արեց գնալ սրճարան` խոստանալով իր հաշվին սուրճ հյուրասիրել: Ցուցարարները հրաժարվեցին` ասելով, թե եկել են ոչ թե «հավեսի», այլ իրենց ընտանիքների խնդիրը բարձրաձայնելու համար: Ցուցարարները, ի վերջո, որոշեցին ցրվել. նրանց շշուկներ էին հասել, որ իրենց շարքերում գտնվող երիտասարդ տղամարդկանց բռնելու են:
Ցուցարարները ցրվեցին` երկուշաբթի ժամը 12-ին կրկին քաղաքապետարանի դիմաց հավաքվելու պայմանավորվածությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ