կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 04:08
Արցախ

Հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայմանը

Հակամարտության կարգավորման անհրաժեշտ պայմանը

Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը: Այդ կապակցությամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը հունվարի 21-ին հանդես է եկել հայտարությամբ, որում ասվում է.

 

«ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարեւան Լեռնային Ղարաբաղի հանրապետության շահերին դիպչող գործընթացներին, անհիմն են եւ պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսեւորում:

 

Երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի միջինը 15-տոկոս աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ եւ աճող հետաքրքրության մասին:

 

Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի եւ այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական եւ բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:

 

Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ փոխվստահության ձեւավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար:

 

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից եւ իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում: