9-րդ պաշտպանական շրջանում բարելավվել է եւս մեկ դիրք
ԼՂՀ Պաշտպանության բանակը հակառակորդի կողմից ոչ թե սադրանքների է սպասում, այլ պատերազմի: ՊԲ-ն ամեն օր ու ժամ պատրաստվում է պատերազմի, եւ 2010-ին բանակի կարգախոսն էլ դրան էր նվիրված,-այսօր ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նա գոհ է բանակում կատարված բարեփոխումներից ու սպառազինությունների ձեռքբերումից: Ավելին` պահ կար, որ պահեստները չէին հերիքում, չնայած այս տարի 2 պահեստ է շահագործման հանձնվել, նշել է նախարարը: «Այն զինամթերքները, որոնք ձեռք ենք բերում, իրոք մտահոգիչ է հակառակորդի համար»,-ավելացրել է նա:
«Առաջնագծում առաջ տարվե՞լ են դիրքերը» հարցին ի պատասխան նախարարը ասել է. «Ճիշտն ասած էլ առաջ գնալու տեղ չկա: Բայց այս տարի 9-րդ պաշտպանական շրջանում բարելավել ենք եւս մեկ դիրք` զբաղեցնելով ավելի նպաստավոր տեղ»,-տեղեկացրել է նախարարը` ավելացնելով, որ հիմնականում աշխատանքներ են տարվել առաջին գծի առկա դիրքերի ամրապնդման ուղղությամբ: